ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց համաձայնության հուշագիր

2014թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ` ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Ռոբերտ Թոխմախյանը, Նվեր Սարգսյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Հենրիետա Սուքիասյանը, Ամալյա Խաչատրյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Գայանե Մխիթարյանը, Անահիտ Աբրահամյանը, Գայանե Գևորգյանը, Սիլվա Պապիկյանը, Գարիկ Մկրտչյանը և ուրիշներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև համաձայնության հուշագրի կնքումն էր:

Նախ պարոն Կատվալյանի գլխավորությամբ ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, համատեղ իրականացվելիք ծրագրերը, ապա կնքվեց համաձայնության հուշագիրը:

Հուշագրում կարևորվում են գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, հայոց լեզվի ուսումնասիրման, ուսուցման և անաղարտության պահպանման, ՀՀ գիտակրթական ոլորտի առաջընթացի խնդիրները:

Համաձայնության հուշագիրը ենթադրում է Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավարության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարբերաբար ու համատեղ մի շարք միջոցառումների իրականացում` մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, ուսանողական պրակտիկաներ, խորհրդատվություն, հրապարակային դասախոսություններ, Տավուշի մարզում խոսակցական լեզվի և բարբառային հայերենի դրսևորումների հետազոտման աշխատանքներ և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի ուսանողության հետ, որի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գ.Մկրտչյանը:

Տնօրենը ընդհանուր գծերով խոսեց կնքված հուշագրի մասին, շնորհակալություն հայտնեց պարոն Կատվալյանին կոնկրետ առաջարկների, համատեղ իրականացվելիք ծրագրերի, նվիրաբերած գրքերի համար:

Պարոն Կատվալյանը իր խոսքում կարևորեց մայրենի լեզվի ուսուցման, անաղարտության պահպանման, այս տարածաշրջանի բարբառների ուսումնասիրման հարցերը. «Մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալու մեր ինքնատիպ դեմքով, իսկ դա երևում է առաջին հերթին մեր լեզվում. պետք է պահպանենք այն, ծավալենք լուսավորչական աշխատանք, սկիզբը դնենք ազգային ինքնագիտակցության զարթոնքի, հանդիպումներ ունենանք երիտասարդության հետ, ուսումնասիրենք այս տարածքի բարբառները, որոնք տարիների ընթացքում փոփոխվում, զարգանում են»:

Հանդիպումից հետո Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները միջազգային կոնֆերանսում

2014թ. հոկտեմբերի 3-4-ը Վրաստանի Ցխալտուբո քաղաքում տեղի ունեցավ անգլերեն լեզու դասավանդողների հարավկովկասյան տարածաշրջանային միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էին Ուկրաինայի և Վրաստանի ԱՄՆ դեսպանատները:

Կոնֆերանսին մասնակցում էին անգլերեն լեզվի մասնագետներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից և Մոլդովայից:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, Ֆրանսիական համալսարանի և անգլերեն լեզու դասավանդողների հայկական ասոցիացիայի մասնագետները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից միջազգային կոնֆերանսին մասնակցում էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Պամելա Ուոտքինսը և Էմմա Թեմրազյանը:

Նրանք ներկայացրին «Գրավոր անգլերենի ուսուցման ռազմավարությունը» թեմայով զեկուցումը, որն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ:

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2014թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը աշակերտներին կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Տնօրենը ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունները, ընդհանուր գծերով վերհանեց նրանց առանձնահատկություննները, ապա տեղեկացրեց, որ 2015 թվականից ԵՊՀ ԻՄ-ում կգործի նոր՝ «Հոգեբանություն» մասնագիտությունը:

Տնօրենը նշեց, որ մասնաճյուղը կարևորում է տարածաշրջանում արվեստների զարգացումը, և այդ նպատակով սույն թվականի հոկտեմբերի 15-ից մասնաճյուղում կգործի խմբակ, որի նպատակը կլինի օժտված և տաղանդավոր աշակերտներին նախապատրաստել «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության համար:

Նշվեց, որ մինչև նոյեմբերի 1-ը պարապմունքները համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն անվճար:

Վերջում դպրոցի տնօրենը գոհունակություն հայտնեց մասնաճյուղի նման նախաձեռնության համար և նշեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

«Աչքերը հոգու հայելին են»

2014թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Աչքերը հոգու հայելին են» թեմայով զեկուցումների ընթերցում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Զեկուցումների թեման առաջարկել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Աիդա Սարհատյանը:

Ներկա էին մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումներ կարդացին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հովսեփյանը, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Գրիգորյանը և Մարուսյա Հովհաննիսյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ղազարյանը:

Զեկուցումների նյութը ներկայացնում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ամիրխանյանը:

Զեկուցողները ընտրված թեմային մոտեցել էին ըստ իրենց մասնագիտությունների. նրանք ոչ միայն ներկայացրին զեկուցումներ, այլև հանդես եկան բանաստեղծություններով ու երգերով:

Հնչեցին հայ անվանի գրողներ Պարույր Սևակի, Համո Սահյանի բանաստեղծությունները` նվիրված աչքերին, նրանց գեղեցկությանն ու խորությանը:

Ուսանողների այս հետքրքիր նախաձեռնության կապակցությամբ վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին դասախոսները:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին տրվեցին Երկրապահ կամավորների միության վկայականներ

2014թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին Երկրապահ կամավորների միության վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին Երկրապահ կամավորների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Կիլիկիա», «Զինվորի երգը», «Մարտիկի երգը», «Գարեգին Նժդեհ», «Սասնա պարը» և այլն), թնդաց «Հաղթանակի պարը»:

Ներկայացվեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համառոտ պատմությունը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` հայրենասիրական բարձր ոգով ներշնչված անկեղծ ու անմիջական ելույթների համար. «Մենք հպարտ ենք, որ ունենք ձեզ նման երիտասարդություն, որն իր հայրենիքի, իր հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունի, հայրենիք, առանց որի գոյության` ամեն ինչ դառնում է անիմաստ…»:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը և ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին հանձնեցին Երկրապահ կամավորների միության «Երիտասարդ երկրապահ»-ի վկայականները: