Ընտրվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ

 2014թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ  մասնաճյուղային ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

Առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գրիգորյանի թեկնածությունը:

Ընտրությանը մասնակցում էին մասնաճուղի Ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսանողներ:

Ձայների 21 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրվեց Գոհար Գրիգորյանը:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց “Տնտեսագիտության տեսություն” մասնագիտության 2-րդ կուրսի թիմը

2014թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ   ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր  մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը: 

Մասնակցում էին ուսանողներ` Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերից:

Ներկա էին դասախոսներ, Ուսանողական գիտական ընկերության անդամներ, թիմերի երկրպագուներ: Խաղն ընթացավ  շնորհանդեսի ուղեկցությամբ:

Խաղը  անցկացվեց 2 փուլով:

2-րդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ և «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսերի ուսանողները:

Միավորների 5:3 հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը:

Անցկացվեց բաց դաս` «Սասնա ծռեր» էպոսը որպես հայ մարդու հոգեվիճակ` արտացոլված հեղինակի նկարազարդումներում» թեմայով

2014թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» էպոսը որպես հայ մարդու հոգեվիճակ` արտացոլված հեղինակի նկարազարդումներում» թեմայով բաց դաս:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից, հյուրեր:

Դասը վարեց «Գծանկար, գունանկար» ամբիոնի ասիստենտ,  ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանը:

Բաց դասի ընթացքում Մ.Ստեփանյանը «Սասնա ծռեր» էպոսին վերաբերող իր նկարազարդումները ներկայացրեց շնորհանդեսի և հեղինակային սուբյեկտիվ վերլուծությունների ուղեկցությամբ:

«Ես կարծում եմ, որ «Սասնա ծռեր» էպոսը մեր նախնիների ուղերձն է մեզ այս դժվարին ժամանակներում, երբ մեծացել է արտագաղթը: Էպոսը մեզ հուշում է, թե ինչ պետք է անել և ինչ չանել, ինչպես հաղթահարել դժվարությունները և մնալ սիրով միմյանց նկատմամբ»,- իր խոսքում շեշտեց Մ.Ստեփանյանը:

Ներկայացվեց գիրք հրատարակելու համար նախատեսված 20 գծանկար, որոնք միասին կազմում են մեկ ամբողջական նկար` «Սասնա ծռեր» էպոսի թեմատիկայով:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ուսանողական միջոցառում

2014թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ուսանողական միջոցառում:

Այն նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին ուսանողներ բոլոր ֆակուլտետներից, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

Մասնաճյուղի շնորհալի ուսանողները գովերգեցին գարունն իր գեղեցկություններով, հանդես եկան պարով, մայրության և գեղեցկության թեմայով գողտրիկ բանաստեղծություններով ու երգերով:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդին` ևս մեկ անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին:

Տնօրենը մատուցեց նաև անակնկալ. ներկաներին ուղղեց հարց (ո՞րն է ամենագեղեցիկ կինը), որին արագ և ճիշտ պատասխանողը տնօրենության կողմից արժանանալու էր նվերի: Ճիշտ պատասխան տվեց Բնական գիտությունների ֆակուլտետի II կուրսի ուսանողուհի Սոնա Ղևոնդյանը:

Միջոցառման մյուս լուսանկարները՝ այստեղ:

Եվրոպական միության պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. մարտի 28-ին Եվրոպական միության պատվիրակության մարզային այցելությունների շրջանակում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպեցին պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը:  Նա միջազգային պատվիրակներին համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, խոսեց գործող մասնագիտությունների մասին, ընդգծեց մասնաճյուղի դերը ինչպես կրթության, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Վ.Ալեքսանյանը կարևորեց նաև պատվիրակության այցը մասնաճյուղ` շեշտելով, որ ՀՀ-ի համար կարևոր  է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, իսկ Եվրոպան շարունակում է մնալ որպես դեմոկրատական արժեքների ջահակիր:

Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ փոքրածավալ դասախոսությամբ, խոսեց ԵՄ Արևելյան գործընկերության մասին: Դեսպանը նշեց, որ ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունները սկսվել են կայուն կերպով զարգանալ 1990-ական թվականների սկզբից: ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակնհայտ կերպով  ամրապնդվեց 2006թ. նոյեմբերին հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունումից հետո: Հիշեցրեց, որ  ԵՄ-Հայասատան հարաբերությունների հիմքում  ընկած է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախանշված ժողովրդավարության, շուկայական տնտեսության, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Տրայան Հրիսթեան համառոտ ներկայացրեց Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունը, գործնական ձեռքբերումները:

Վերջում դեսպանը պատասխանեց ուսանողների  և դասախոսների հարցերին, շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու համար:

Մասնաճյուղից հյուրերը հեռացան նորից հանդիպելու ակնկալիքով: