«Մեծադարան» ակումբի առաջին միջոցառումը

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի և գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանի համատեղ ջանքերով օրերս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին կից ստեղծվել է «Մեծադարան» գրական-գեղարվեստական ակումբը, որի կազմում ընդգրկված են մասնաճյուղի մի խումբ շնորհալի ուսանողներ:

Մարտի 25-ին «Մեծադարան» խորագիրը կրող միջոցառումների ծրագիրն անդրադարձավ մեծ քնարերգու Ավետիք Իսահակյանին:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ մեծանուն բանաստեղծի անցած ճանապարհը, տրվեց Ավետիք Իսահակյան բանաստեղծի ու քաղաքացու գրական ժառանգության ամփոփ նկարագիրը:

Հնչեցին Վարպետի գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգեր` ուսանող-ուսանողուհիների գեղեցիկ կատարմամբ, որն ավելի ամբողջական դարձրեց միջոցառումը:

Իր շնորհալի ձայնով ու կատարման վարպետությամբ փայլեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Սյուզաննա Ղուկասյանը:

Գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը

2014թ. մարտի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը:

Ներկա էին ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «μ21 պարամետրի վերին գնահատականը համասեռ գրաֆների համար»: Աշխատանքը կատարվել էր ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Քամալյանի հետ համատեղ և առաջին անգամ ներկայացվել էր 2013թ. սեպտեմբերի 26-30-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից անցկացվող CSIT-2013 9-րդ միջազգային գիտաժողովում:

Ներկայացված թեման արդիական է և լրացնում է 2008թ. դեկտեմբերին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տարեկան գիտաժողովում Ն.Դավթյանի և Ռ.Քամալյանի ներկայացրած աշխատանքում առաջին անգամ սահմանված μ11, μ12, μ21  և  μ22   պարամետրերի հետազոտությունների շարքը տարբեր դասերի գրաֆների համար:

Գիտական խորհրդի նիստում

2014թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական կրթամասերի դասընթացների դասավանդման հիմնական ուղղությունների, ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման ուսումնական աշխատանքների հաշվարկի նորմերի, հեռակա ուսուցման բաժնի 2014-2015 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկի, ԵՊՀ ԻՄ-ի 2014-2018 ուսումնական տարիների (առկա ուսուցման) և 2014-2019 ուսումնական տարիների (հեռակա ուսուցման) ուսումնական պլանների կատարման ընթացքի, ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին մի շարք հարցեր:

Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական կրթամասերի դասընթացների դասավանդման հիմնական ուղղություններին վերաբերող հարցի կապակցությամբ որոշվեց Ս.Առաքելյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որի անդամներ նշանակվեցին Ա.Ցուցուլյանը, Մ.Զաքարյանը (բնագիտական ուղղություն), Ն.Խուդավերդյանը, Հ.Մարզպանյանը (տնտեսագիտություն), Վ.Բրուտյանը (մանկավարժություն և հոգեբանություն), Ս.Առաքելյանը, Վ.Ալեքսանյանը (պատմություն), Ա.Սարհատյանը, Վ.Ավագյանը (հայոց լեզու), Լ.Հարությունյանը (ռուսաց լեզու), Ա.Մարդանյանը, Մ.Աղբալյանը (ֆրանսերեն), Ք.Հարությունյանը, Ա.Սիմոնյանը (անգլերեն): Խումբը կզբաղվի առարկայական ծրագրերով, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն տվյալ մասնագիտության պահանջներին, օժանդակեն այն ավելի խորը յուրացնելուն:

ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու հետ կապված` քննարկվեց մասնաճյուղում Վարչատնտեսական վարչություն և Արտաքին կապերի ու գիտական քաղաքականության բաժին ստեղծելու հարցը:

ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և  շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

ԵՊՀ-ից պետական մրացանակների են արժանացել՝ հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանը, «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորյա աշխատության համար, իսկ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

Հրաչիկ Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրության և շուրջ 400 գիտական հոդվածների։ Նրա մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում և Ճապոնիայում։ Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009,2010,2013)։ Կիլիկիայի հայերի 1909թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012)։ 1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում, 1999- 2003թթ. եղել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը, 2004-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր է: Ղեկավարել է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը։

Սամվել Շուքուրյանը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավարն է։ Շուքուրյանի հետազոտությունների բնագավառում է եղել Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, էլեկտրոնային սարքերի և համակարգերի տեստավորում, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելները։ 2000թվականից հանդիսանում է Virage Logic Corp.-ի ներդրված հիշողության սարքերի տեստավորման և վերանորոգման ծրագրի տնօրենը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Աղբյուրը` ysu.ampresident.am

Գիտական զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2014թ. մարտի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի  բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցումներ կարդացին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ալիխանյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ալվինա Գևորգյանը:

Ներկա էին Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցումների թեմաները («π թիվը» և «Ածանցյալի կիրառությամբ ապացուցվող անհավասարություններ») հետաքրքիր էին և արդիական:

Ծավալվեց ակտիվ քննարկում: