Բնական գիտությունների ֆակուլտետում անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադա

  2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադա:

Օլիմպիադային մասնակցեցին մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությունների առաջին կուրսերի շուրջ 10 ուսանողներ:

Խնդիրները վերաբերում էին գլխավորապես առաջին կուրսում նախատեսված «Մաթեմատիկական անալիզ», «Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ»  դասընթացներին, ինչպես նաև կային տրամաբանության վրա հիմնված առաջադրանքներ:

Ուսանողներն առաջին անգամ էին մասնակցում բուհական օլիմպիադայի և ծանոթ չէին խնդիրների բարդությանը և լուծման տրամաբանաությանը. դրանով է պայմանավորված միավորների ոչ այնքան գոհացուցիչ լինելը: Սակայն այս օլիմպիադան հիմք կդառնա հետագայում կազմակերպվելիք օլիմպիադաներին ավելի լավ հանդես գալու համար:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի և աշխատանքային օրենսդրության դրույթների կիրարկման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություն

2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի և աշխատանքային օրենսդրության դրույթների կիրարկման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություն:

Սեմինարը վարում էին «Աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոն»-ի գլխավոր և առաջատար մասնագետներ Մեսրոպ Մխիթարյանը և Դավիթ Վիրաբյանը:

Մասնակցում էին Հաշվապահության ու Պետական գնումների, նյութամատակարարման և պահեստավորման բաժինների աշխատակիցները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի բովանդակության, աշխատանքային պայմանագրի կնքման կարգի, արձակուրդների տրամադրման և վճարման կարգի, հավելյալ վճարների մասին հարցեր:

Երկօրյա քաղաքացիական սեմինար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2013թ. մայիսի 13-14-ին «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ-ի կողմից անցկացվեց երկօրյա քաղաքացիական սեմինար` «Կին-խաղաղարարների դերի բարձացումը կոնֆլիկտային իրավիճակներում. Սևազգեստ կանանց շարժման հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

Սեմինարը վարում էր «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանը, մասնակցում էին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողուհիներ:

Քաղաքացիական սեմինարի նպատակը մարզի երիտասարդ կանանց ու աղջիկների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր խաղաղության, կոնֆլիկտի տեսակների, դրա լուծման տարբերակների, ինչպես նաև այդ գործընթացներում կնոջ դերի բարձրացման մասին:

Մասնակիցները ձեռք բերեցին ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ` դերային խաղեր, խմբային աշխատանքներ կազմակերպելու համար:

Սեմինարի ընթացքում ծավալվեց բուռն քննարկում, մասնակից ուսանողուհիները փոքրիկ ներկայացումների միջոցով դրսևորեցին ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Նմանատիպ դասընթացները նպաստում են հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը:

Անհատական ցուցահանդեսի բացումը

2013թ. մայիսի 13-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Բաղդասարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կրում է «Տավուշի գույները» խորագիրը:

Ներկա էին Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Աղավնավանքի գյուղապետ Վ.Ներսիսյանը, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենը՝ նշելով, որ աստիճանաբար իրականանում է Իջևանը մշակութային քաղաք դարձնելու երազանքը: Իջևանում ուսանողական առաջին ցուցահանդեսի կապակցությամբ նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Շուշանին, նրա դասախոսներին ու ծնողներին:

Շուշան Բաղդասարյանին շնորհավորեցին նաև Տավուշի մարզպետ  Ա.Ղուլարյանը, Աղավնավանքի գյուղապետ Վ.Ներսիսյանը, մասնաճյուղի դասախոս, արվեստագետ Լ.Լաչիկյանը, Մ.Ստեփանյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ.Ղալումյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 աշխատանք:

«Տավուշի գույները» խորագրով ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:

Գիտաժողով Հումանիտար գիտությունների ֆակուլտետում

2013թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով, որին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների 7 ուսանողներ:

Ներկա էին ոչ միայն Հումանիտար գիտությունների, այլև մյուս ֆակուլտետների  ուսանողներ:

Գիտական զեկուցումներով հանդես եկան.

1.Աննա Ադամյանը, Մ/Հ IV («Շիզոֆրենիայի պատճառագիտությունը և ախտաբանությունը»),

2.Լիլիթ Բաբլումյանը, Մ/Հ IV («Տղամարդու և կնոջ հոգեֆիզիոլոգիական տարբերությունները»),

3.Նաթելա Օրդինյանը, Մ/Հ IV («Չլուծված կոնֆլիկտների հետևանքները նևրոտիկի մոտ. սադիստական թեքումներ»),

4.Մարիամ Բուդուրյանը, Մ/Հ IV («Ծխելու հոգեբանական և ֆիզիկական կախվածությունների առանձնահատկությունները»),

5.Գոհար Գրիգորյանը, ՀԼ/Գ I («Տեսիլը որպես գրական մտածողություն 5-րդ դարի մատենագրության մեջ»),

6.Ռիմա Հովսեփյանը, ՀԼ/Գ I («Խոսք Ակսել Բակունցի մասին»),

7.Էդիտա Բեկնազարյանը, ՀԼ/Գ I («Տերյանի պոեզիայի երկրային ակունքները և սիրո վեպը»):

Գիտաժողովն անցավ ակտիվ քննարկումներով: