Մարզի աշակերտները մրցեցին ԵՊՀ ԻՄ-ում

  2013թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դպրոցականների ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էին Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինն ու Ուսանողական գիտական ընկերությունը:

Մասնակցում էին Տավուշի մարզի 11 դպրոցների (Բերդի վարժարան, Իջևանի և Բերդի ավագ, Այրումի, Ազատամուտի, Աչաջրի, Դովեղի, Թեղուտի, Խաշթառակի, Բերդավանի, Գետահովիտի միջնակարգ դպրոցներ) 12-րդ դասարանի աշակերտներից կազմված 5-հոգանոց թիմեր:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, ֆակուլտետների դեկանները, ՄԿՄԿ բաժնի վարիչը, ՈՒԳԸ-ի նախագահը, դասախոսներ, ուսանողներ:

Խաղը վարում էր Մելինե Մելիքյանը: Այն ընթացավ երկու փուլով: Երկրորդ փուլ անցան առավելագույն միավորներ հավաքած 5 թիմեր:

1-ին տեղը գրավեց Բերդավանի, 2-րդ տեղը` Խաշթառակի միջնակարգ դպրոցը:

Ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին,  դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, շնորհավորեց հաղթողներին: Նա խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և նրա մասնագիտությունների մասին, խորհուրդ տվեց ընտրել ճիշտ մասնագիտություն և լավ սովորել:

1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը ստացան պատվոգրեր ու մրցանակներ: Մյուս թիմերը ստացան շնորհակալագրեր: Մրցանակ տրվեց նաև Իջևանի ավագ դպրոցին, որը պատասխանել էր մրցանակային հարցին:

 

Մեր ուսանողները հանրապետական գիտաժողովում

2013թ. ապրիլի 25-ին Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ 4-րդ հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ:

Գիտաժողովի հանդիսավոր բացման և լիագումար նիստի ժամանակ ելույթ ունեցան ՎՊՄԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը, գիտելիքի և գիտության կենտրոնի ղեկավար Արթուր Մելիքյանը, զեկուցումով հանդես եկան ՎՊՄԻ-ի ուսանող Գրիգոր Մկրտումյանը և ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Մարիամ Բուդուրյանը:

Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 12 բաժանմունքներում: Ընդհանուր զեկուցումների թիվը 116 էր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցում էր 8 ուսանող՝ Սլավիկ Ալավերդյանը (ԿՄ/Ֆ 4-րդ), Աննա Ադամյանը, Նաթելա Օրդինյանը, Մարիամ Բուդուրյանը, Լիլիթ Բաբլումյանը (Մ/Հ 4-րդ), Մերի Ամիրզյանը, Մալվինա Էվինյանը (Բ/Բ 3-րդ), Մարգարիտա Սաֆարյանը (ՖԼ/Գ 1-ին):

Վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Գիտաժողովի ընթացքում կարդացված լավագույն զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը

2013թ. ապրիլի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվել էր 1915թ. դեպքերը և միջազգային հանրության արձագանքը ներկայացնող լուսանկարների բացօթյա ցուցադրություն` համապատասխան երաժշտության (Արա Գևորգյան, Դանիել Դեքքեր, Լուսինե Զաքարյան) ուղեկցությամբ:

Այնուհետև մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ (Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը), տարբեր կազմակերպությունների ղեկավարներ այցելեցին Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Իջևանի պատմության թանգարանի աշխատակիցները հուշամալիրի տարածքում տեղադրել էին լուսանկարներ:

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Հայր Եզնիկ Սրբազանը և այլ հոգևորականներ կատարեցին անմեղ զոհերի հիշատակի արարողակարգ:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները այրեցին Թուրքիայի դրոշը:

Ժան-Պիեռ Մահեի և մի խումբ մտավորականների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին հայագիտության ու գրականագիտության անվանի ներկայացուցիչներ ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ  Հ.Էդոյանը (բանաստեղծ), Ավ.Իսահակյանը, Զ.Ավետիսյանը, Վլ.Կիրակոսյանը, Մ.Գիլավյանը, Ս.Աբրահամյանը, բան. գիտ. դոկտոր, դոցենտ Վ.Դևրիկյանը, բան. գիտ. թեկն. Հր.Սարիբեկյանը և այլք:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում նրանք ուսանողների հետ ունեցան հանդիպում, որին ներկա էին նաև տնօրեն Ս.Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Տնօրեն Սամվել Առաքելյանը նախ ողջունեց հյուրերին, ապա ընդհանուր գծերով ուսանողներին ծանոթացրեց նրանց և հատկապես հայագիտության ջերմ նվիրյալ Ժան-Պիեռ Մահեի հետ:

Մահեի հայանվեր գործունեության մասին խոսքով հանդես եկան Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը և հայտնի բանաստեղծ Հենրիկ Էդոյանը:

Ֆրանսիացի ներհուն գիտնական, Սորբոնի քաղաքակրթությունների ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Ժան-Պիեռ Մահեն արդեն 50 տարի է, ինչ զբաղվում է հայագիտությամբ: Մահեն, որի կոթողային աշխատություններից են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը, «Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը» և այլն, նոր է լույս ընծայել իր ամբողջական «Հայոց պատմություն»-ը` սկզբից մինչև մեր օրերը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողության հետ հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր նոր գիրքը, հիշեց մի քանի ուշագրավ դրվագներ, մասնավորապես` Տավուշի և Կիրակոս Գանձակեցու վերաբերյալ պատմությունը:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում. Ժան-Պիեռ Մահեն սիրով պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Մասնաճյուղի կողմից Ժան-Պիեռ Մահեին նվիրվեց հավերժությունը խորհրդանշող գոբելեն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը

2013թ. ապրիլի 19-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը, որին ներկա էին ֆակուլտետի գեղխորհրդի անդամները, աշխատանքները ղեկավարող դասախոսները:

Հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, վարչության ավագ տեսուչ Գ.Գյոզալյանը, Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի մասնագետ Վ.Աղաբաբյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Ավարտական կուրսի ուսանողները իրենց աշխատանքները ներկայացրին Գեղխորհրդին՝ աշխատանքի կատարողականը ստուգելու, մինչև պաշտպանությունը անհրաժեշտ ցուցումներ ստանալու և բացթողումները լրացնելու համար:

Գեղխորհուրդը ուսանողներին ներկայացրեց ավարտական աշխատանքների պահանջները՝ համապատասխան միավորներով.

  1. Ներկայացման որակը (0-6),
  2. ձևակերպման որակը (0-6),
  3. կատարման ինքնուրույնության աստիճանը (0-6),
  4. արդիականությունը (0-2):

«Գեղանկարչություն» թեմայով ավարտական աշխատանք կատարող ուսանողները գեղխորհրդի կողմից  ստացան մի շարք ցուցումներ:

Մասնավորապես նշվեց, որ մեկի փոխարեն ներկայացվի երկու գեղանկար, բնանկարի կոմպոզիցիան լինի հավաքական էտյուդների արդյունք, որոնք նկարված լինեն բնօրինակից և համապատասխանեն մեր տարածաշրջանին:

Փայտի գեղարվեստական մշակմանը վերաբերող ավարտական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել ընտրված փայտատեսակի կառուցվածքային առանձնահատկությունները, ընդգծել զարդանախշերը՝ աշխատանքների գեղարվեստական արժեքը մեծացնելու նպատակով, իսկ որոշ աշխատանքներ ապահովել պաշտպանիչ ծածկույթով:

Տեքստիլ բաժնի ավարտական աշխատանքների մասին ցուցումները վերաբերում էին գլխավորապես նրանց շրջանակներին և ցուցադրման հետ կապված խնդիրներին:

Կային գոբելեններ, որոնք շրջանակի կամ ենթաշրջանակի կարիք ունեին:

Ընդհանուր պահանջն այն էր, որ ուսանողները պաշտպանության ժամանակ կարողանան իրենց աշխատանքները ներկայացնել որպես պորտֆոլիո նախագծման արդյունք: