Գրքերի նվիրատվությունը շարունակվում է

2013թ. ապրիլի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները գրքեր նվիրաբերեցին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկեվան համայնքների միջնակարգ դպրոցներին: Յուրաքանչյուր գյուղի դպրոցի տրամադրվեց ավելի քան 90 գիրք, գրքույկ և ամսագիր:

Ուսանողները նախ եղան Բաղանիսում: Նվիրատվությանը ներկա էր նաև համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, որը ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ է և 2004-2007 թթ. ղեկավարել է մասնաճյուղի ՈՒԳԸ-ն:

Բաղանիսում ՈՒԳԸ-ի անդամ Տաթևիկ Գրիգորյանը կարդաց զեկուցում:

Այնուհետև ուսանողները եղան Ոսկեվանում: Դպրոցականները հավաքվեցին գյուղի ազատամարտիկներին նվիրված Փառքի սրահում:

Այստեղ զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի, ոսկեվանցի Մելինե Մելիքյանը:

Վերջում ՈՒԳԸ-ի պատվիրակությունը եղավ Ոսկեպարում:

Գյուղի դպրոցի նորաստեղծ օնլայն դասասենյակում զեկուցում կարդաց մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ, արմատներով ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը:

Բոլոր դպրոցներում ուսանողներին արժանացրին ջերմ ընդունելության:

Նրանք կարևորեցին նմանատիպ միջոցառումները դպրոցների գրադարանների համալրման և դպրոց-համալսարան կապի ամրապնդման իմաստով, շնորհակալություն հայտնեցին ուսանողներին, գրքահավաքի կազմակերպիչներին, ներդրում ունեցած բոլոր անձանց և մասնաճյուղի տնօրենությանը՝ ի դեմս տնօրեն Ս.Ա.Առաքելյանի:

Սկսվեց գրքերի նվիրատվությունը

2013թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի պատվիրակությունը եղավ Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան համայնքների միջնակարգ դպրոցներում: Նպատակը վերջերս ավարտված գրքահավաքի արդյունքում հավաքագրված գրքերի տրամադրումն էր դպրոցներին:

Գրքահավաքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, որի ընթացքում հավաքագրվել էր ավելի քան 450 գիրք, գրքույկ և ամսագիր: Բացի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից՝ գրքեր էին նվիրաբերել նաև մասնաճյուղի դասախոսները, մասնաճյուղի և ԵՊՀ-ի գրադարանները, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աշխատակիցները և Իջևանի «Գալիք» կրթարանը:

Դպրոցներին տրամադրվեցին 100-ական գիրք: Մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ուսանողական կառույցների և նրանց գործունեության մասին:

Այնուհետև ՈՒԳԸ-ի անդամներից Մելինե Մելիքյանը և Սոնա Ղևոնդյանը կարդացին զեկուցումներ դպրոցների համար:

Առաջիկայում գրքեր կտրամադրվեն ևս մի քանի գյուղերի:

Մասնաճյուղի ուսանողները կատարեցին մաքրման աշխատանքներ

2013թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղի 26 ուսանողներ կատարեցին մաքրման աշխատանքներ Իջևանում գտնվող Հայրենական պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրների տարածքներում:

Աշխատանքներն սկսվեցին Ուսանողական փողոցի վերջնամասից` Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր տանող աստիճաններից:

Հասնելով հուշահամալիր և ավարտելով աշխատանքները այդ տեղամասում՝ ուսանողները շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Վերջում ուսանողները եղան նաև Իջևանի պատմության թանգարանում և ծանոթացան այնտեղ պահպանվող ցուցանմուշներին:

Տեղի ունեցավ մասնաճյուղային մինի ֆուտբոլի առաջնությունը

2013թ. ապրիլի 15-ին Իջևանի մարզադահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղային մինի ֆուտբոլի առաջնությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը` «ՆԻԿԱՐՄ» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ:

Մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ֆակուլտետների և հեռակա ուսուցման բաժնի թիմերը:

Առաջնությունն ընթացավ օլիմպիական մրցակարգով:

6 խաղերի արդյունքում հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը:

Լավագույն խաղացող ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Լևոն Չոբանյանը:

Հաղթող թիմը և լավագույն խաղացողը ստացան պատվոգրեր:

«Ստեփս քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 13-ին «Ստեփս քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Այցելության նպատակը Տավուշի մարզի գործող հաշվապահների վերապատրաստումն էր:

«Ստեփս քոնսալթինգ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության շրջանակներում մասնաճյուղը, տրամադրելով տեխնիկապես հագեցած օնլայն լսարան, իր վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմից ներգրավել է ներկայացուցիչներ՝ վերապատրաստվելու նպատակով:

Անցկացվեց սեմինար՝ 2013թ. գործող «Եկամտային հարկի օրենքը և կիրառման մեխանիզմները» թեմայով:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ պայմանավորված ամենամյա արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների հարկման վերաբերյալ հարցեր, ներկայացվեցին դրանց ճշգրիտ ձևակերպումները: