“Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի” ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 12-ին “Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի” ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական կազմակերպությունների՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:

Հանդիպման ժամանակ ամփոփ ներկայացվեցին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի վերջին մի քանի ծրագրերը և միջոցառումները, քննարկվեցին առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումները և ծրագրերը: Նախատեսվեց դրանցում ակտիվ կերպով ներգրավել մասնաճյուղի ուսանողներին:

ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՐԻԵՏԱ ՃԱՂԱՐՅԱՆԸ

2013թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Մարիետա Ճաղարյանը կարդաց գիտական զեկուցում` B-ծառերի մի ծրագրային իրականացման թեմայով:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր: Ծառի աճը ղեկավարող հայտանիշի առկայությունը  դինամիկ կառույցներում տարրի արագ փնտրում իրականացնելու կարևորագույն խնդիրներից մեկն է:

Զեկուցման մեջ սահմանվեց  տվյալների պահպանման n-րդ կարգի B-ծառ, ներկայացվեց նրա կառուցվածքը, հատկությունները, առավելությունները այլ ծառային կառույցների նկատմամբ, նոր տարրի ավելացման և փնտրման  գործողությունների իրականացման սխեմաները և տրվեցին այդ գործողությունների ժամանակային գնահատականները:

Ներկայացվեց  n-րդ կարգի B-ծառերի մի ծրագրային իրականացման ալգորիթմը, որը կատարում է տվյալների հաջորդականության ներմուծում, ծառի կառուցում և  արդյունքների (աճման կարգով դասավորված հաջորդականության)  արտածում:

Կայացավ մասնաճյուղի տնօրենի հանդիպումը Դիլիջանի ավագ և 5-րդ հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների հետ

2013թ. ապրիլի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց Դիլիջանի ավագ և 5-րդ հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների հետ՝ մասնագիտության ճիշտ ընտրության հարցում նրանց կողմնորոշելու,  դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, իրավական հարցերի գծով տնօրենի խորհրդական Ա.Հովհաննիսյանը, երկու դպրոցների տնօրենները և ուսուցիչներ:

Տնօրեն Ս.Առաքելյանը նախ ներկայացրեց մասնաճյուղի ռազմավարական նպատակները, աշակերտներին ծանոթացրեց ԵՊՀ ԻՄ-ում դասավանդվող մասնագիտությունների մասին, ապա պատասխանեց աշակերտների ուղղած հարցերին:

Վերջում դպրոցների տնօրենները գոհունակություն հայտնեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար և նշեցին, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Նվիրատվություն ԵՊՀ ԻՄ գրադարանին

2013թ. ապրիլի 8-ին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց 60 գիրք՝ 300-ից ավելի գրքերից ու ամսագրերից, որոնք հավաքագրվել էին փետրվարին սկսված և վերջերս ավարտված գրքահավաքի շնորհիվ:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար նախատեսված գրքահավաքին աջակցել է նաև մասնաճյուղի գրադարանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հավաքագրված գրքերի մեջ ուսանողների և ավելի բարձր տարիքի անձնանց համար նախատեսված գրքերի առկայությունը՝ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը որոշեց դրանց մի մասը նվիրաբերել կրթօջախի գրադարանին:

Նվիրատվությանը ներկա էին մասնաճյուղի գրադարանի վարիչը, գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ: Ելույթ ունեցավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց գրքահավաքի մանրամասները և գրքերը հանձնեց գրադարանին:

Հավաքագրված մյուս գրքերը առաջիկայում կտրամադրվեն մարզի մի շարք գյուղերի դպրոցների:

Դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

2013թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ մարտի 16-ին ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցական օլիմպիադայում հաղթած աշակերտների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց տարբեր առարկաներից առավել բարձր միավորներ ստացած Տավուշի մարզի դպրոցների 12-րդ դասարանի 16 աշակերտների հետ:

Ներկա էին նաև մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները և Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչը:

Տնօրենը դպրոցականների հետ խոսեց մասնագիտությունների ընտրության, գիտելիքի կարևորության մասին: Նա շնորհավորեց բոլորին, մաղթեց հաջողություններ և հանձնեց դիպլոմներ ու գովասանագրեր:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը: Նա ևս շնորհավորեց հաղթողներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ի՝ որպես մարզային բուհի առաքելության և նրա հետ համագործակցության մասին: Վ.Չոբանյանը նշեց, որ առաջիկայում մասնաճյուղում կազմակերպվելու է դպրոցականների ինտելեկտուալ խաղ և կոչ արեց անպայման մասնակցել խաղին: