Ներկայացնում ենք Իջևանում, Երևանում, Գյումրիում, Գորիսում, Գավառում, Արմավիրում և Արարատում 2013թ. մարտի 16-ին անցկացված ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի արդյունքները:
Նորություններ
Հեռակա ուսուցման բաժնում անցկացվեց գիտական քննարկում
2013թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ, Անտառագիտության ամբիոնի ասիստենտ Էլմիրա Օսիպովայի և բաժնի տեսուչ Գալյա Գասպարյանի անմիջական ղեկավարությամբ հեռակա ուսուցման բաժնում անցկացվեց «Կլիմայի փոփոխություն. գլոբալ տաքացում» թեմայով գիտական քննարկում:
Զեկուցումով հանդես եկավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Զինա Սաֆարյանը:
Սաֆարյանի ելույթը բուռն քննարկման նյութ դարձավ, որի առնչությամբ իրենց տեսակետներն արտահայտեցին Անտառագիտության ամբիոնի դասախոսներ Արծվի Գրիգորյանը և Մեդորա Խաչատրյանը:
Գիտական զեկուցումներից ու քննարկումից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ, որը նվիրված էր ջերմոցային էֆեկտին և գլոբալ տաքացմանը:
Մեր ուսանողների այցը Նորավանք
2013թ. մարտի 21-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ: Օգտվելով առիթից՝ մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող տեսարժան վայրերից մեկը՝ Նորավանք:
Այցելուների համար դա լավ հնարավորություն էր՝ բացահայտելու Հայաստան աշխարհի այդ գողտրիկ վայրերը, տեսնելու նրանց բնական գեղեցկությունը և պատմամշակութային հուշարձանները:
Ճանապարհին նրանք եղան Արենի գյուղում, համտեսեցին հանրահայտ Արենիի գինին, ինչպես նաև կանգ առան Պարույր Սևակի հուշարձանի մոտ, որը գտնվում է մեծանուն գյուղի ծննդավայրում:
Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը
Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված քառամսյա «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը:
Ծրագրի նպատակն էր քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել խոսքի ազատության մասին օրենքին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին և դրանց պրակտիկ կիրառությանը:
Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բլոգ-էքսպոյի» միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին:
Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակից ավելի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, որոնք ստեղծել են բլոգներ, կատարել գրառումներ՝ համայնքներում կատարվող իրադարձությունների, հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ:
Միջոցառման մասնակիցներին տրվեցին համապատասխան սերտիֆիկատներ, խրախուսական և դրամական պարգևներ:
ԵՊՀ ԻՄ ուսանողները ևս ձեռնունայն չէին մեկնել: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ծրագրի համակարգող Աննա Մուրադյանին և նվիրեցին մասնաճյուղի ուսանող Շուշան Բաղդասարյանի գեղեցիկ բնանկարներից մեկը: Բացի այդ՝ մեր մասնակիցները պատրաստել էին տեսանյութ իրենց հաջողությունների, ձեռքբերումների և ուսումնառության վերաբերյալ:
Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման
«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ և համակարգմամբ Երևանում և ՀՀ 5 մարզերում իրականացնում է “Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման” ծրագիրը:
Այն ֆինանսավորվում է Երևանում բրիտանական դեսպանատան կողմից:
2013թ. մարտի 15-ին և 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան մարդու իրավունքների և բանավիճելու հմտությունների վերաբերյալ սեմինարներ: Ներկա էին «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արփինե Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի Իջևանի գրասենյակի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի ասոցացիայի սեմինարավարներ և կամավորներ:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից բացի՝ սեմինարներին մասնակցում էին նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ:
Առաջին սեմինարի ժամանակ ուսանողները ստացան տեսական գիտելիքներ մարդու իրավունքների և բանավեճի վերաբերյալ, իսկ երկրորդ սեմինարի ժամանակ տեղի ունեցան փորձնական բանավեճեր:
Մարտի 28-ին Երևանում տեղի կունենա հեռուստաբանավեճ, որին կմասնակցեն յուրաքանչյուր մարզից և Երևանից 5-ական առավել ակտիվ ներկայացուցիչներ: