Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման 21-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ ԻՄ-ի ութ աշխատակիցների միջև կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

1/8 եզրափակիչում հանդիպեցին մասնաճյուղի ԿՈԱԳ բաժնի վարիչ Ա. Մարգարյանը և հասարակական կարգով գրադարանի վարիչ Կ. Ուլիխանյանը, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վ. Դավթյանը և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, ընդհանուր ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի, ռենտգենյան ճառագայթների գիտաուսումնական հետազոտությունների լաբորատորիաների վարիչ Գ. Գուլակյանը և տնօրենի օգնական Մ. Աթոյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և գիշերապահ Ա. Ղուլարյանը:

1/4 եզրափակիչ դուրս եկան Ա.Մարգարյանը և Վ.Դավթյանը, Մ.Աթոյանը և Ա.Ղուլարյանը:

Եզրափակիչում հանդիպեցին Ա.Մարգարյանը և Մ.Աթոյանը: Հաղթեց Մ.Աթոյանը:

Քննություններն ավարտվեցին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեցին առկա ուսուցման համակարգի 2012-2013 ուստարվա I կիսամյակի հանրագումարային քննությունները:

Առկա ուսուցման համակարգում ուսանում են 632 ուսանողներ, այդ թվում` անվճար ուսուցմամբ 198 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ` 434:

Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 73%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 95%, վճարովի`62,7%:

Անբավարար գնահատականներ են ստացել 171 ուսանող (73%), որից անվճար ուսուցմամբ 9  ուսանող,   վճարովի` 162:

Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (85,5%), իսկ ամենացածրը` Տնտեսագիտության ֆակուլտետը (56,3%):

Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 73 ուսանող, այդ թվում` 38 անվճար և 35 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74,4% , այդ թվում` 97,2% անվճար, 33,2%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնտեսագիտության  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 157 ուսանող, այդ թվում` 39 անվճար և 118 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 56,3% , այդ թվում` 91,3% անվճար, 44,1%  վճարովի ուսուցման համակարգերում:

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 325 ուսանող, այդ թվում` 99 անվճար և 226 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 85,5% , այդ թվում` 97% անվճար, 71,7%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 77 ուսանողներ`22 անվճար և 55 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 75,8% , այդ թվում` 91,6% անվճար, 70,4%  վճարովի ուսուցման համակարգերում:

Մասնաճյուղում ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները

2011 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է հավատարմագրման գործընթացում, որի բաղկացուցիչ մասն է կազմում ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ձևաչափի լրացումը:

Մասնաճյուղում եռանդով ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները, որոնցում, բացի ԿՈԱԳ բաժնի աշխատակիցներից, ներգրավված են նաև ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ուսանողներ:

 Ինքնավերլուծության ձևաչափը ենթադրում է ՄՈՒՀ-ի ծավալած բոլոր ոլորտների գործընթացների վերլուծություն, նրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտում, կրթության ոլորտում նոր մոտեցումների ներդրում ու համադրում և պլանավորման երկարաժամկետ ծրագրում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:

Տնօրենության նիստում

Ս.թ. հունվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները: Նիստը նախագահում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Քննարկվեցին մի  շարք հարցեր, այդ թվում՝ մասնաճյուղի անձնակազմի հաստիքային  ցուցակի վերաբերյալ հարցը:

Նշվեց, որ անհրաժեշտ է հստակեցնել հաստիքացուցակը, որն ընդգրկում է մասնաճյուղի վարչակառավարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի պաշտոնների հրահանգները՝ նրանց իրավունքների ու պարտականությունների ամրագրումով:

Ընթացքի մեջ են նաև դասախոսների պարտականությունների հստակեցման աշխատանքները:

Շարունակվելու է իրենց աշխատանքը հստակ ու բարեխղճորեն կատարող  աշխատողների դրույքաչափը ընդլայնելու գործընթացը:

Նախատեսվում է  այս տարի  մասնաճյուղի  աշխատողների միջին աշխատավարձը բարձրացնել 15%-ով:

23.01.13

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. հունվարի 22-ին  տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին  խորհրդի 9 անդամները՝ դեկան, խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը,  ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մ.Աթոյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա.Ալավերդյանը, ասիստենտ  Է.Օսիպովան, արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ՈՒԳԸ նախագահ Մ.Մելիքյանը, ՈՒԽ նախագահ  Պ.Ամիրխանյանը:

Խորհրդի նիստում ամփոփվեցին ֆակուլտետի 2012-2013 ուստարվա I  կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ըստ կուրսերի՝ քննարկվեց ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը: Ապա ներկայացվեց 2012-2013 ուստարվա  I կիսամյակի  I լուծարքային շրջանի գրաֆիկը:

Ամբիոններին հանձնարարվեց առարկայական պարտք ունեցող ուսանողների հետ կազմակերպել ամենօրյա լրացուցիչ կոնսուլտացիաներ (խորհրդատվություններ)՝ընդգրկելով նաև կուրսղեկներին: