«Իրավիճակը Մերձավոր Արևելքում և անդրադարձը հայ համայնքի վրա» թեմայով դաս-քննարկում

1. գլխավոր

 2022թ․ մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր «Իրավիճակը Մերձավոր Արևելքում և անդրադարձը հայ համայնքի վրա» թեմայով դաս-քննարկում, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Ալեքսանյանը:

Դաս-քննարկմանը ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողները:

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին Մերձավոր Արևելքի սոցիալ-քաղաքական իրողությունները ներկա ժամանակաշրջանում և դրանց անդրադարձը տեղի հայ համայնքների վրա:

Շեշտվեց, որ ավելի քան 10 տարի տևող սիրիական հակամարտությունը, Լիբանանի ֆինանսատնտեսական և կառավարման ճգնաժամը, Իսրայելի ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև արտատարածաշրջանային կենտրոնների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի գործողությունները կարող են արմատապես ազդել Մերձավոր Արևելքի վրա:

Ներկայացվեց, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքը համախմբված է Հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարական եկեղեցիների և ավանդական կուսակցությունների բարեսիրական, կրթամշակութային ու համայնքային կառույցների շուրջ, ինչը հայապահպանման համար կարևոր գործոն է:

Վերջում հարց-պատասխանի միջոցով ծավալվեց ակտիվ քննարկում:

 

Կայացավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում  

 1. գլխավոր

2022թ. մայիսի 14-ին՝ Վարդատոնին ընդառաջ, ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչ Վ.Ավագյանիուսանողների հետ համատեղ:

Աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին է նվիրված Վարդատոնը, որը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ Թբիլիսիում առաջին անգամ տոնվել է 1914 թ․-ին։  Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։ Սա դարձավ գեղեցիկ ավանդույթ, և ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը հավաքվում են Սայաթ-Նովայի արվեստի սիրահարները` նշելու Վարդատոնը, որը մեծ աշուղ-բանաստեղծի և նրա ստեղծած երգ-երաժշտության մեծարման արտահայտությունն է, խորին ակնածանք նրա թողած հարուստ ժառանգության հանդեպ, խոնարհում նրա տաղանդին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարկի տակ էլ «հոյակապ սիրահար, սիրո հրդեհով բռնված ու բռնկված մեր վիթխարի Սայաթ-Նովան»՝ 300-ամյա հոբելյարը, համախմբել էր համալսարանականներին, արվեստասեր հասարակության ներկայացուցիչների և հյուրերի՝ միջոցառման շրջանակներում միասին նշելու Վարդատոնը, փոքր-ինչ խմելու սայաթնովյան ջրից ու կարդալու սայաթնովյան գիրը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակը, ողջունելով մասնակիցներին ու բոլոր ներկաներին:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ գիտական և գրական-գեղարվեստական:

Նախ՝ զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Սարդարյանը («Սայաթ-Նովայի կյանքը»), Անուշ Խաչատրյանը («Սայաթ-Նովայի սիրո քնարը»), Նարա Մելքումյանը («Սայաթ-Նովայի քնարերգության ակունքները»), նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Բաղրամյանը («Խոհախրատական թեման Սայաթ-Նովայի քնարերգության մեջ»):

Այնուհետև միջոցառմանը գրական-գեղարվեստական մթնոլորտ ապահովեցին տարբեր մասնագիտությունների տաղանդավոր ուսանողներ (ԵՊՀ ԻՄ-ի և հրավիրյալ)՝ ներկայանալով տաղերով, երգ-երաժշտությամբ, պարով և թատերական ներկայացմամբ:

Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյանը, ելույթ ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման կապակցությամբ արտահայտելով իրենց հիացմունքն ու գոհունակությունը, ընդգծելով ուսումնական գործընթացում նման միջոցառումների կարևորությունը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:

Միջոցառման ծրագիրը տե՛ս այստեղ: 

Բաց դաս «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսում

1. գլխավոր (1)

 2022թ. մայիսի 12-ին «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ«Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսում կայացավ «Արցախյան 2-րդ պատերազմի և համավարակի  սոցիալ-հոգեբանական ազդեցությունը ազգաբնակչության վրա» թեմայով բաց դաս, որը կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Ա.Քամալյանը:

Բաց դասին ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ.Հարությունյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:

Նախ՝ բացման խոսքով հանդես եկավ Ա.Քամալյանը և ներկայացրեց դասի թեմայի արդիականությունը, նպատակը և խնդիրները:

Ապա «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին զեկուցումներ, որոնցում անդրադարձան 44-օրյա պատերազմի սոցիալ-հոգեբանական կողմերին, COVID-19-ի ազդեցությանը անձի հուզական վիճակների, իմացական գործընթացների վրա, պատվաստված և չպատվաստաված անձանց ինքնագնահատականի առանձնահատկություններին, սահմանամերձ գոտում բնակվող կրստեր դպրոցականների տագնապներին և հուզական վիճակներին:

Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին բաց դասին, քննարկեցին և վերլուծեցին հիմնախնդրի սոցիալ-հոգեբանական կողմերը, լուծման հնարավոր ուղիները:

 

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելություններ Իջևան–Գավառ–Մարտունի–Եղեգնաձոր–Ջերմուկ երթուղով

1. գլխավոր

 2022թ. մայիսի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողներն ուսումնական պրակտիկայի ղեկավարների՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի և դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Ջերմուկ երթուղով:

Ուղևորության առաջին կանգառը Օրբելյանների միջնադարյան իջևանատունն էր, որտեղ ուսանողուհի Մալվինա Վարդապետյանը ներկայացրեց իջևանատան պատմությունը, ճարտարապետությունը:

Երկրորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն էր, որտեղ ուսանողուհի Արուսիկ Դարբինյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները, երթուղիներում ընդգրկվածությունը:

Երրորդ կանգառը “Jermuk Hotel and Spa” կենտրոնն էր: Այստեղ ուսանողները ծանոթացան բուժառողջարանային համալիրներում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայություններին, բուժիչ ցեխերի տեսակներին: Հյուրանոցի մենեջերն ուսանողներին ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, սոճիների փոշոտման գործընթացում օդում անջատված օգտակար նյութերի հատկությունների մասին:

Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարներն ուսանողներին ներկայացրին Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնառեկրեացիոն ներուժը, պոտենցիալը և հնարավորությունները, ենթակառուցվածքների առկայությունը, բացակայությունը: Ուսանողներն իրականացրին ենթակառուցվածքների իրավիճակային գնահատում, այս կամ այն ռեսուրսի արդյունավետ օգտագործման գաղափարների քննարկում:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության գործընթացին զուգահեռ՝ հանդիպումներ դպրոցների շրջանավարտների հետ

1. գլխավոր

 2022թ. ընդունելության մեկնարկից ի վեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը կրկին հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի, ինչպես նաև Գեղար­քունիքի մարզի հարակից գյուղերի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ: Այս տարի հանդիպումներին մասնակցում էին նաև տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ներկայացնելով մասնաճյուղի առօրյան, ուսումնական և մշակութային կյանքը:

ՄԿՊԿ բաժնի կողմից կազմակերպվող այս հանդիպումները 2022թ. շրջանավարտներին, որոնք գտնվում են համալսարանական կրթություն իրականացնող տարբեր բուհերի ընտրության խաչմերուկում, թույլ են տալիս զրուցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչների, համալսարանի ընդունելության իրականացման պատասխանատուների, ինչպես նաև ուսանողների հետ:

Հանդիպումները դիմորդների համար ոչ միայն լավ հնարավորություն են ցանկացած հարց ուղղելու համալսարանի կամ կոնկրետ կրթական ծրագրի վերաբերյալ, այլև իրազեկված լինելու ուսուցման զեղչային համակարգի, կրթաթոշակի հնարավորությունների, ընդունելության գործընթացների, դիմումների լրացման և այլնի մասին:

Ընդունելության դիմում-հայտ լրացնելուց առաջ տարբեր հանգամանքների վերաբերյալ հարց-պատասխանի միջոցով կատարվող քննարկումները ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցի՝ 2022թ. շրջանավարտները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և կրթական ծրագրերը ընտրում են՝ լինելով հնարավորինս տեղեկացված:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակվող «Դիմորդների շարժ»-ի տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 7-ի դրությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր հայտագրված դիմորդների թիվը 252 է: Ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հետևյալ կրթական ծրագրերով՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (47 դիմորդ), «Անգլերեն լեզու և գրականություն» (31 դիմորդ), «Պատմություն» (30 դիմորդ): Քիչ դիմորդներ են հայտագրվել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (5 դիմորդ), «Դիզայն» (5 դիմորդ) և «Հայոց լեզու և գրականություն» (10 դիմորդ) կրթական ծրագրերով:

2022թ. բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք: