ԵՊՀ ԻՄ-ի  65 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝ Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի գործակցությամբ

1. գլխավոր

 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ սահմանել է յուրաքանչյուրին մինչև 100.000 ՀՀ դրամի չափով մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես անապահով ընտանիքների 65 ուսանողի համար:

Կրթաթոշակին արժանանալու համար 2022թ. մարտի 15-31-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

2022թ. ապրիլի 13-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ կրթաթոշակային ծրագրում ընդգրկված ուսանողների հետ հանդիպում, որին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդը, թեմի ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը, Արտաքին կապերի բաժնի աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մհեր Օթարյանը շնորհակալություն հայտնեց Բագրատ Սրբազանին՝ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար:

Հանձնախումբը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Արժանապատիվ Տեր հայրեր՝ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ նախագահ Մերի Առաքելյանի, ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մհեր Օթարյանի և ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Էրինե Ղարայանի մասնակցությամբ, որոշեց կրթաթոշակին դիմած բոլոր ուսանողներին ընդգրկել ուսման վարձի փոխհատուցման ծրագրում: Բարերարների և Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ջանքերի շնորհիվ այս տարի կրթաթոշակառուների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, եռապատկվել է:

Հանդիպման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին տրվեց նվեր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա «Դիզայն» մասնագիտության շրջանավարտ Անահիտ Կոնջորյանի աշխատանքը («Եղիցի լույս». հագուստի մոդելավորում, ղեկավար՝ Լ.Մելիքյան)՝ ստեղծված Բագրատ Սրբազանի համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին ու խորին երախտագիտություն ենք հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ բարերարության, հայրենանվեր մեծ գործունեության համար:

 

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 7-րդ ամենամյա մրցույթը ԵՊՀ ԻՄ-ում

Գլխավոր

2022թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Մրցույթին մասնակցում էին գլխավորապես այն դպրոցների աշակերտները, որտեղ առկա է «Արմաթ» աշխատանոց: Այս պահին Արմաթը գործում է Հայաստանի 610 դպրոցներում, Վրաստանի/Ջավախքի 10 և Հնդկաստանի Գուջարաթ նահանգի 3 կենտրոններում:

Արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից, իրականացվում է մրցույթը, որին այս ընթացքում մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, և եղել են 50-ից ավել հաղթած թիմեր, որոնք ստացել են տարբեր մրցանակներ, ճամբարների ուղեգրեր, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ:

Այս տարի «ԴիջիԿոդ» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (ԴիջիԿոդ՝ Շիրակ, Լոռի, Հյուսիս, Հարավ, Կենտրոնական) և հանրապետական:

Ապրիլի 9-ին իրենց աշխատանքներն են ներկայացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչները:

Դիջիկոդի ծրագրավորման լեզուններն են՝ Աղվես/scratch, Կրիայ/kturtle և Python:

Մարզային փուլի անվանակարգերն են՝

  • 4 անվանակարգ Աղվես/scratch ծրագրի համար (2 հատ՝ 10-13 տարեկան, 2 հատ՝ 14 և բարձր տարիքային),
  • 2 անվանակարգ Python ծրագրի համար (1 հատ՝ 10-13, 1 հատ՝ 13 և բարձր տարիքային),
  • 3 անվանակարգ Կրիայ օլիմպիադայի համար (10-12 տարեկան, 13-15 տարեկան, 16-18 տարեկան):

Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մարզային փուլին ներկայացվել է 94 նախագիծ Աղվես/scratch ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 40 նախագիծ, 4 նախագիծ Python ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 4 նախագիծ, 74 հայտ Կրիայ օլիմպիադային, որոնցից մարզային եզրափակիչ է անցել 30-ը:

Նախատեսված էր, որ Աղվես/scratch և Python ծրագրերով ներկայացված նախագծերի հաղթող անվանակարգերը որոշվեն մրցույթի ավարտին, իսկ Կրիայ օլիմպիադայի պատասխանները հրապարակվեն մրցույթից 3 օր անց:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին “Leviathan” ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյանը, ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տոխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, “Luseen Mobile” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, “NWS Lab” ընկերության Back End ինժեներ Վիկտոր Օհանյանը, «Արմաթ» ԻԼ Արարատի մարզի համակարգող Վյաչեսլավ Իսրայելյանը:

Հանրապետական փուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որին կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած մասնակիցները:

Մրցույթի պատասխանատուները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ աջակցության, մասնավորապես՝ մրցույթի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու համար:

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա 2022»-ի I փուլի արդյունքները

Օլիմպ. 1-ին փուլի արդյունքների նորութ. նկ.

2022թ. ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացրել էր ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2022թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը: Օլիմպիադան նախատեսված էր անցկացնել 2 փուլով՝ ս.թ. ապրիլի 2-ին և 16-ին՝ բացի «Ինֆորմատիկա» առարկայից, որն անցկացվել է մեկ փուլով՝ ապրիլի 2-ին:

Արդեն հայտնի են օլիմպիադայի 1-ին փուլի արդյունքները և 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները:

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադայի 1-ին փուլին 11 առարկայից մասնակցել է 253 աշակերտ:

Օլիմպիադային 1-ին փուլի արդյունքներին, ըստ առարկաների, կարող եք ծանոթանալ այստեղ.

  1. մաթեմատիկա,
  2. ֆիզիկա,
  3. քիմիա,
  4. կենսաբանություն,
  5. աշխարհագրություն,
  6. հայոց պատմություն,
  7. հայոց լեզու և գրականություն,
  8. ռուսաց լեզու,
  9. անգլերեն,
  10. գերմաներեն,                                             
  11. ֆրանսերեն:

Օլիմպիադայի 2-րդ փուլ է անցել 9 առարկայից 49 աշակերտ:

2-րդ փուլ անցած մասնակիցների անունները կարող եք տեսնել այստեղ.

  1. մաթեմատիկա,
  2. ֆիզիկա,
  3. քիմիա,
  4. հայոց պատմություն,
  5. հայոց լեզու և գրականություն,
  6. ռուսաց լեզու,
  7. անգլերեն,
  8. գերմաներեն,
  9. ֆրանսերեն:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

 

 

Կանանց տոնին նվիրված ցուցահանդես մասնաճյուղում

1․ գլխավոր

2022թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ընթացիկ աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Կանանց տոնին:

Այս գեղեցիկ տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու և մեծարելու բնության գլուխգործոցներից մեկին՝ Կնոջը, և երկրի վրա Աստծո կատարելության լավագույն արտահայտությանը՝ Մայր էակին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը՝ շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնը, կարևորելով ցուցահանդեսի դերն ու նշանակությունը ուսանողների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների զարգացման հարցում:

Ցուցահանդեսում ընդգրկված էին 23 ուսանողների 124 աշխատանքներ, որոնց ընտրության հարցում մեծ ներդրում է ունեցել Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Հ.Ասատրյանը:

Ներկայացված աշխատանքները բազմաբնույթ ու բազմաժանր էին՝ գոբելեն (ասեղային, հաշվարկային և ավանդական), հանգուցավոր բատիկա, դաջազարդում, կարպետագործություն, գծանկար, գեղանկար և այլն:

«Կիրառական արվեստ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ռևազյանի խոսքով՝ ցուցահանդեսն իրենց հնարավորություն է տվել համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ նշել Մայրության և գեղեցկության տոնը ու միաժամանակ հանրությանը ներկայացնել տվյալ թեմատիկայով իրենց ստեղծած աշխատանքները, որոնցում յուրօրինակ կերպով համադրվել են ավանդական և ժամանակակից մշակութային տարրերը:

Նույն կուրսի ուսանողուհի Մարիամ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ներկայացրած աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել ոչ միայն դրանց դեկորատիվ կողմի, այլև կիրառական նշանակության վրա. այդպիսիք են, օրինակ, ցուցադրված պայուսակը և գոտին՝ ստեղծված ավանդական կարպետային զարդանախշերով:

Պայծառ ու տաքուկ գույներով փայլող ցուցահանդեսն այցելուներին պատճառեց գեղագիտական հաճույք, նրանց համակեց գարնանային թարմ տրամադրությամբ և գեղեցկության շնչով:         

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիները մասնաճյուղում

1. գլխավոր

2022թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տոնական տրամադրություն էր տիրում: Մասնաճյուղ էր այցելել «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ պարոն Ջոս Միլիները:

Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող բոլոր 12 ուսանողներին, ինչպես նաև անվճար համակարգում սովորող 3-րդ կուրսեցիներ Լ.Շախպարյանին և Ն.Գասպարյանին կրթաթոշակ հանձնելն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցության հեռանկարները:

Այնուհետև տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, ասիստենտ Ա.Մարդանյանը, տվյալ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լ.Շախպարյանը և Ն.Գասպարյանը:

Միջոցառումը, որին մասնակցում էին 1-ից 4-րդ կուրսի բոլոր ուսանողուհիները, ուներ «Ես ոչ մի կաթիլ ֆրանսիացու արյուն չունեմ, բայց Ֆրանսիան հոսում է իմ երակներում» խորագիրը:

Մասնակիցներն աչքի ընկան գեղեցիկ ասմունքով, ֆրանսիական երգերի արտահայտիչ կատարումով:

Ներկաների վրա մեծ տպավորություն ունեցան Ա. դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը՝ առաջին կուրսեցիների, Ժ. դը Լաֆոնտենի առակները՝ երրորդ կուրսեցիների ներկայացմամբ:

Ուսանողներն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ երկարատև համագործակցության և իր արմատներին անմնացորդ նվիրվածության համար: Նրանք խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:

Գեղեցիկ միջոցառման համար ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին և մասնակիցներին, իսկ Ջ.Միլիները, ձևափոխելով միջոցառման խորագիրը, փոխադարձեց. «Ես ոչ մի կաթիլ հայի արյուն չունեմ, բայց Հայաստանը իմ երակներում է»: