Հանդիպում-քննարկում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ

1. գլխավոր2022թ. մարտի 10-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպումքննարկում Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արինա Պարոնյանի հետ:

Հանդիպման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը նախ մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և այժմ դասախոս Ա.Պարոնյանին, ով հաջողությամբ սովորել և ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան՝ անգլերեն լեզվի դասավանդման մասնագիտությամբ:

Ա.Պարոնյանը ուսանողներին ներկայացրեց իր փորձը՝ կարևորելով մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ նա կարողացել է ընդունվել հայտնի բուհի մագիստրատուրա: Սակայն նա կարևոր համարեց նաև, որ մեր ուսանողները տեղյակ լինեն արտասահմանյան համալսարանների ընդունելության կարգի, դիմումների հանձնման, քննությունների անցկացման տարբերությունների մասին:

Բանախոսն ուսանողներին մանրամասն բացատրեց դասապրոցեսի կազմակերպման, ընտրովի և պարտադիր առարկաների, ընթացիկ և ավարտական աշխատանքների, կամավորության և պրակտիկայի, ուսման վարձի փոխհատուցման և ուսանողների ու դասախոսների շփման էթիկայի մասին հարցերը:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ա.Պարոնյանին, նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և իրենց հետ հետագա համագործակցության պատրաստակամությունն ընդունեցին շնորհակալությամբ:

Մասնագիտական պրակտիկայի ընթացքը «Դիզայն» կրթական ծրագրի IV կուրսում  

1. գլխավոր

2022 թվականի մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետ:

Պրակտիկայի ղեկավարն էր ՀՀ Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ, ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Միսակ Մելքումյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ ֆակուլտետում իրականացվող ավարտական աշխատանքներին, քննարկել իրենց կողմից կատարված նախագծերը, ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը:

Մեր ուսանողներին դիմավորեց և ողջ ընթացքում ուղեկցեց ՃՇՀԱՀ դասախոս, ՀՀ նկարիչների միության անդամ Գևորգ Ջավրուշյանը:

Ներկայացվեց ֆակուլտետը, նախորդ տարիների ուսանողների ավարտական աշխատանքները, աշխատանքային միջավայրը: Այնուհետև փոքրիկ շրջայց կատարվեց համալսարանում:

Ուղևորության երկրորդ կանգառը դիզայնի ոլորտում գործող Tumo studios-ն էր: Ուսանողները ծանոթացան ստուդիայի գործունեությանը, քննարկեցին դիզայնի զարգացման հիմնական միտումները, ապա ծանոթացան վիտրաժի մասնագետ Վարդան Աղաբաբյանի հետ, նրա աշխատանքներին:

Տնօրենության նիստ

1. գլխավոր 2022թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:

Օրակարգային առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021-2022 ուստարվա բակալավրի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման II կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, Ա.Դավթյանը և Ա.Մարգարյանը:

Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի hեռակա ուսուցման բակալավրի ուսումնական պարապմունքները սկսվել են մարտի 1-ից, նախապես կազմվել են դասացուցակները, դրանք վերանայվել են Ուսումնամեթոդական վարչության կողմից և տեղադրվել ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում, այդ մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Հեռակա ուսուցման առաջին կիսամյակի լուծարքային շրջանը ևս սկսվել է մարտի 1-ից:

2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի բոլոր կրթական մոդուլների բեռնվածությունները վերանայվել են: Թեզերի թեմաները քննարկման փուլում են: Մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի դասերը սկսվելու են մարտի 15-ից: Դասացուցակն արդեն պատրաստ է, դասերն իրականացվելու են համակցված (առկա և առցանց) մեթոդով:

Ա.Մակարյանը ՈՒՄՎ-ին հանձնարարեց մեկ անգամ ևս ստուգել ներկայացված դասացուցակները՝ ճշտելու համապատասխանությունը ուսումնական բեռնվածություններին և բացառելու ծածկումները:

Որոշվեց՝ զեկուցողների հաղորդումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝ բակալավրական ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգում ամրագրված ժամկետների համաձայն՝ ուսանողներն ընտրել են ավարտական աշխատանքների թեմաները, դրանց կատարումն ընթացքի մեջ է: Առկա ուսուցման համակարգի ուսանողները հանդիպումներ են ունեցել ավարտական աշխատանքների ղեկավարների հետ, ստացել են գրականության ցանկը և պլանը։ Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողները ստացել են իրենց թեմաները, սակայն ոչ բոլոր ուսանողներն են հանդիպել ղեկավարների հետ՝ ստանալու ցուցումներ, պլան և այլն, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական աշխատանքների կատարման ընթացքին՝ առաջնորդվելով ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով:

Երրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաների մասին հաշվետվություն ներկայացրեց ՈՒՄՎ մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 16 պրակ­տիկա (չորս ուսումնական – 3՝ առկա, 1՝ հեռակա, վեց արտադ­րական (ման­կավարժական) – 4՝ առկա, 2՝ հեռակա, հինգ արտադրական – 1՝ առկա, 4՝ հեռակա, մեկ գիտամանկավարժական – հեռակա)։

Ուսանողների պրակ­­տի­կայի կազմակերպ­ման համար հաշվետու ժամանակահատվածում մաս­նաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակեր­պութ­յուն­նե­րի, հիմ­նարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է 10 հուշագիր, 1 համա­ձայնա­գիր և 33 պայմանագիր, որոնցից 2 պայմանագիր (Իջևանի Սպ. Սարգսյանի անվան N1 հիմնա­կան դպրոց, Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան N5 հիմնական դպրոց) և 2 հուշագիր (ՀՀ կենտ­րոնական բանկ, «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» հասարակա­կան կազ­մա­կերպություն) ստորա­գրվել են 2021-2022 ուսումնական տարվա առաջին կի­սամ­յա­կում:

Պրակտիկաները կազմակերպվել են նախապես բաժին ներկայացված ծրագրերի համաձայն՝ առկա եղանակով, առկա և առցանց ձևերի համադրմամբ:

Ընդհանուր առմամբ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պրակտիկա է կազմակերպվել 239 ուսանողի հա­մար (առկա ուսու­ցման 87 ուսանողի համար, հեռակա ուսուցման՝ 152): Ըստ արդյունքների` արտադրական պրակտիկայից մեկ ուսանող ստացել է չստուգված և կարգի համաձայն՝ հեռացվել է մասնաճյուղից, ակադեմիական պարտք է կուտակել  2 ուսանող:

Որոշվեց՝ զեկուցողի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի 2021-22 ուստարվա բակալավրի առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի  քննաշրջանի ամփոփմանը և լուծարքային շրջանի կազմակերպմանը: Զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, Ա.Դավթյանը և Ն.Առուշանյանը:

Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցման քննաշրջաններն անցկացվել են ըստ հաստատված ժամանակացույցների, խախտումներ չեն արձանագրվել։ Հեռակա ուսուցման քննաշրջանն ավարտվել է փետրվարի 26-ին, քննաշրջանի արդյունքների համաձայն՝ 597 ուսանողներից պարտք ունի 350-ը, դրական է ստացել 176 ուսանող, առաջադիմությունը կազմում է 29.4%:

ԵՊՀ ԻՄ-ի 2021-22 ուստարվա բակալավրի առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանը ևս ավարտվել է փետրվարի 26-ին։ Քննաշրջանի արդյունքում մասնաճյուղից հեռացման է  ներկայացվել 3 և կրեդիտներ է կուտակել 6 ուսանող:

Որոշվեց՝ զեկուցողների հաղորդումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ 2022թ. բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ Բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման 2021-2022 թթ. երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցի համաձայն՝ մինչև մեկ շաբաթը (մարտի 2-9-ը) պետք է ներկայացնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին: Ա.Մակարյանն ընդգծեց, որ այդ հարցում դեկաններն առաջնորդվեն «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգ»-ով: Նրանց ուշադրությունը հրավիրեց կարգի III կետի 7-րդ դրույթի վրա, որի համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ կարող է լինել համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և/կամ կոչում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երեք տարիների ընթացքում չեն եղել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:

Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին ամբիոններում քննարկել և մեկ շաբաթվա ընթացքում տնօրենությանը ներկայացնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի ամփոփման մասին զեկուցեց ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը: Նա նշեց, որ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում եղել է 12 կրեդիտ կուտակած 30 ուսանող, որոնցից 1-ը առկա ուսուցման համակարգից է, 29-ը՝ հեռակա: Նրանք իրենց դիմումները պետք է ներկայացնեին փետրվարի 15-28-ը ժամանակահատվածում: 30 ուսանողից 12-ը կրեդիտներ է կուտակել նախորդ կիսամյակներից, իսկ 18 ուսանող՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսմայակից, ովքեր դիմել են ակադեմիական պարտքերը մարելու համար: Առկա ուսուցման համակարգի 1 ուսանող դիմել և պարտքերը մարել է։ Հեռակա ուսուցման 4 ուսանող չի մարել ակադեմիական պարտքերը, ստացել է անբավարար, իսկ 3 ուսանող չի ներկայացել քննություններին։

Ակադեմիական անբավարար առաջադիմության և կիսամյակի ուսման վարձը չմուծելու պատճառով առկա համակարգի 3 ուսանող ենթակա է հեռացման:

Որոշվեց՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի II մասի 3 կետի պահանջներին համապատասխան՝ առկա ուսուցման համակարգի 3 ուսանողի հեռացնել ԵՊՀ ԻՄ-ից:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին դարձյալ զեկուցեց Ն.Առուշանյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 6 ուսանող դիմել է ուսանողական իրավունքները վերականգնելու համար:

Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 6 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Իդա Բադիրյանի հետ

image-22-02-22-10-09

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

-Ընտրելով ԵՊՀ ԻՄ-ը, ուսանող դառնալով՝ ոչ միայն կրթվում և ստանում ես մասնագիտություն, այլև անձդ կատարելագործում ես: Դրան օգնում և նպաստում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ իրենց նվիրումով, վերաբերմունքով, դասավանդմամբ և շփման բարձր կուլտուրայով։

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

-Համալսարանում ուսումնառությանս այս տարիների ընթացքում ամրապնդեցի իմ այն միտքը, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Եթե երազել ես ընտրածդ մասնագիտության մասին, եթե սիրում ես քո մասնագիտությունը, ապա պետք է պատրաստ լինես հաղթահարելու երազանքիդ ճանապարհին առաջացած բոլոր դժվարությունները՝ գիտակցելով, որ ամեն ինչ քո ձեռքերում է, և անհնարին ոչինչ չկա։

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

-Հենց կրթական հաստատության ընտրությունն է համարվում հաջող կարիերայի կառուցման հիմնարար քայլը։ Կարիերայի կառուցումը հնարավոր է մեր անձնական ցանկությունները կյանքի կոչելու, ինչպես նաև որոշակի փուլեր իրագործելու միջոցով։ Կարծում եմ՝ ես արդեն իսկ դրել եմ իմ մասնագիտական կարիերայի հիմքը։ Առաջին կուրսում լսելով Ուսանողական խորհրդի գործունեության մասին՝ դարձա նրա ակտիվ անդամը, այնուհետև ընտրվեցի ռազմահայրենասիրական ակումբի փոխնախագահ, իսկ հետո՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի փոխնախագահ։ Եվ երկրորդ կուրսում արդեն իսկ ՈՒԽ-ի իրավական և ֆինանսատնտեսական հարցերի գծով պատասխանատուն եմ։ Ամեն դեպքում կարիերա ձեռք բերելու հաջողության մեծ մասը  կախված է հենց մեր ցանկությունից։

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

-Մարդու կյանքում ամենաերիտասարդ ու ամենահետաքրքիր ժամանակաշրջանը ուսանողական տարիներն են։ Տարիներ, երբ ձեռք ես բերում ոչ միայն մասնագիտական բարձրագույն կրթություն, այլև նոր ընկերներ, նոր ծանոթություններ։ Եվ սկսում ես ինքնուրույն մտածել ու քայլեր անել դեպի ապագան։ Թե ինչպիսին կլինեն մեր այս տարիները, կախված է առաջին հերթին հենց մեզնից`ուսանողներիս ակտիվ գործունեությունից և նախաձեռնությունից։

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

-Մասնագիտություն ընտրելիս մտածել եմ ընտրել այնպիսինը, որով  կարող եմ նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Դա էր պատճառը, որ հենց Տնտեսագիտության ֆակուլտետն ընտրեցի, որպեսզի ավելի խորը ուսումնասիրեմ մարդկանց միջև կենսական բարիքների արտադրության բաշխման, փոխանակության սպառման ընթացքում առաջացած տնտեսական հարաբերությունները։

ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողի ապագայի հիմքն է դնում և հնարավորություն է ընձեռում մասնագիտություն ստանալ, դառնալ կիրթ և զարգացած, ինչպես նաև դաստիարակվել մարդկանց օգնելու և վերջին հաշվով հայրենիքը քո ներկայությամբ ավելի լավը դարձնելու ոգով:

 

«Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով դաս-քննարկում

1․ գլխավոր2022թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կայացավ «40 րոպե գրադարանում» խորագրով այլընտրանքային դասախոսությունների շարքի առաջին դասը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Աղուզումցյանը։

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանը, գրադարանի աշխատակիցները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ։

Առաջին դասը «Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով էր, նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել հոգեբանական գիտելիքները կառավարման, հասարակական-քաղաքական գործընթացներում առաջնորդի դերի վերաբերյալ։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ ՎՊողոսյանը՝ ուսանողներին ներկայացնելով պարոն Աղուզումցյանի գիտական և հանրային գործունեությունը՝ կարևորելով հոգեբանական գիտության հայաստանյան դպրոցի կայացման գործում վերջինիս մեծ ավանդը։

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանն իր խոսքում ընդգծեց  պրոֆեսոր Աղուզումցյանի դերակատարումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայացման, տարածաշրջանում հոգեբանական գիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և պրոֆեսիոնալ կրթական գործունեության իրականացման մեջ։ Այնուհետև շնորհակալագիր հանձնեց պրոֆեսոր Աղուզումցյանին՝ մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարելու համար։

Պրոֆեսոր Աղուզումցյանը դաս-քննարկման ընթացքում անդրադարձավ հասարակության ներսում համակարգային գործընթացներին, կրթության և գիտության ժամանակակից տրանսֆորմացիաներին, անհատական մակարդակում դրանցից յուրաքանչյուրի դերի կարևորությանը։ «Փոխվում են ժամանակները, և ժամանակին համընթաց հասարակությունը պետք է կարողանա պատասխանել առկա մարտահրավերներին, ինչում հսկայական է հոգեբանի դերն ու նշանակությունը», – ընդծեց Ռ․Աղուզումցյանը։

Դաս-քննարկումն ուղեկցվեց հարց ու պատասխանով․ քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։