ԵՊՀ ԻՄ-ի և «Գլաձոր» համալսարանի օտար լեզուների ամբիոնների միջև իրականացվեց մասնագիտական փորձի փոխանակում

1. գլխավոր 2021թ. հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Գլաձոր» համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի  շրջանակներում երկու բուհերի օտար լեզուների ամբիոններն իրականացրին մասնագիտական փորձի փոխանակման 2 առցանց հանդիպում-քննարկում, որոնց մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ:

Հանդիպումների աշխատանքային լեզուներն էին անգլերենը և հայերենը:

Առաջին հանդիպում-քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկան բ.գ դ., պրոֆեսոր Գայանե Մուրադյանը («Բազմեղանակությունը ժամանակակից հաղորդակցության համատեքստում» / “Multimodality in the Сontext of Modern Communication”) և ԵԳՀ դասախոս, բանասիրության մագիստրոս Լիանա Ամիրաղյանը («20 րոպեում 20 մեթոդ» / “20 Methods in 20 Minutes”):

«Բազմեղանակությունը ժամանակակից հաղորդակցության համատեքստում» զեկուցման մեջ Գ.Մուրադյանը անդրադարձավ լեզվաբանական նորագույն ուղղություններից մեկին՝ բազմաեղանակային նշանագիտությանը, հատկապես կարևորեց 2018թ. թավշյա հեղափոխության ընթացքում արտահայտվող դիսկուրսը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից փուլում դրսևորվում է ավանդական և թվային հաղորդակցության բազմազան ձևերով: Արիստոտելյան հռետորական հնարների կիրառության նոր ձևերի շարքում նշվեցին ֆեյսբուքյան լայվերը, դիզայնը, անիմացիոն պատկերները, երաժշտությունը, նկարները և խորհրդանշական/նշանագիտական բազմազան համակարգերը, որոնք, խթանելով խոսքի տեղեկատվական և ներազդման ներուժը, նպաստեցին հեղափոխական դիսկուրսի գործառական հնարավորությունների լիակատար իրացմանը:

Լ.Ամիրաղյանը, ներկայացնելով 20 մեթոդ 20 րոպեում, նշեց, որ այդ մեթոդների նպատակն է մոտիվացնել ուսանողներին՝ դասապրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելով: Բանախոսը եզրակացրեց, որ եթե ուսանողը չի կարողանում սովորել մեր դասավանդած եղանակով, մենք պետք է դասավանդենք այն եղանակով, որով նրանք կարող են սովորել:

Երկրորդ հանդիպում-քննարկման ժամանակ բանախոսեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոս, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը («Խելացի հեռախոսները որպես 21-րդ դարի կրթական գործիք» / “Smartphones as an educational tool in the 21st century”) և բ.գ.թ., դոցենտ, CertTESOL, ԵԳՀ լեզուների ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը («5E մոդելի և հyperdoc-երի միջոցով ուսումնառողներին հզորացնելու արվեստի մասին» / “On the Art of Empowering Learners with the 5E Model & Hyperdocs”):

«Խելացի հեռախոսները որպես 21-րդ դարի կրթական գործիք» թեմայով հաղորդման մեջ Է.Թեմրազյանը մասնավորապես նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները բավականին շատ փոփոխություններ մտցրին մարդկանց առօրյա կյանքում: Այն պահից, երբ սովորողները սկսեցին օգտագործել իրենց բջջային հեռախոսները դասերի ժամանակ, դասավանդողների արձագանքը միշտ չէր, որ դրական էր: Սակայն այսօրվա հեռախոսներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք սովորողները կարող են օգտագործել ի նպաստ իրենց (օրինակ՝ անգլերեն սովորելիս): Եթե դասավանդողները թույլատրեն սովորողներին օգտվել իրենց հեռախոսներից դասերի ժամանակ,  ուղղորդեն և վերահսկեն հեռախոսով կատարվող աշխատանքները, ապա պարզապես կօժանդակեն նրանց ուսումնառության գործընթացին՝ ապահովելով առաջընթաց:

«5E մոդելի և հyperdoc-երի միջոցով ուսումնառողներին հզորացնելու արվեստի մասին» զեկուցման մեջ Լ.Սահակյանն անդրադարձավ z և alfa սերնդի չափանիշների պահանջները կյանքի կոչելու համար NASA eClips-ի նորարար 5E ցիկլային մոդելի մեթոդական մոտեցմամբ դաս կառուցելուն՝ սովորեցնելով ուսանողներին սովորել և օգնելով նրանց ձևավորել սեփական պատկերացումը: Խոսնակն առաջարկեց համատեղել հիպերդոքերի ճկունության և տեխնոլոգիայի հնարավորությունները 5E մոդելի հետ որպես մի ամբողջական համակարգ: Դասավանդման և ուսումնառության այս նորարար մոտեցումը կնպաստի ակտիվ ուսուցման գործընթացի կազմակերպմանը, դասին ուսումնառողների ներգրավվածությանը, դասավանդողի և ուսումնառողի ներդաշնակ համագործակցությանը:

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. գլխավոր 2021թ. հոկտեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի՝ 2021թ. հոկտեմբերի 26-ի  «Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու մասին» թիվ 199/7 հրամանից բխող գործողությունների ընթացքը (զեկուցողներ՝ Ա.Մակարյան, Ա.Դավթյան, Տ.Խաչատրյան):
  2. Հաղորդում ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման մասին (զեկուցող՝ Մ.Ճաղարյան):
  3. Ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ, Ա.Մարգարյան):
  4. Ընթացիկ հարցեր.

5.1. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) (զեկուցողներ՝ Ա.Մակարյան, Վ.Եգանյան):

5.2. ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ուսանողական իրավունքները վերականգնելու մասին (զեկուցող՝ Ն.Առուշանյան):

5.3. Մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի քննարկում (զեկուցող՝ Ն.Առուշանյան):

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցող Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բակալավրի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսվելու են ս.թ. նոյեմբերի 2-ից, իսկ հեռակա ուսուցման մագիստրատուրայի դասերը՝ նոյեմբերի 15-ից:

Նշվեց, որ դասացուցակները պատրաստ են, դրանք ուղարկվել են   դասախոսների և ուսանողների էլեկտրոնային հասցեներին, տեղադրվել են մասնաճյուղի կայքէջում: Դասերն իրականացվելու են Zoom հարթակում, ուսանողների համար նախատեսված հղումները նույնպես ներկայացված են դասացուցակներում: Կօգտագործվեն արդեն մշակված ուղեցույցները ուսանողների և դասախոսների համար: Այդ մասին հայտարարություն կդրվի ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում:

Առկա և հեռակա ուսուցման բակալավրի դասերը մինչև նոյեմբերի 15-ն իրականացվելու են առցանց՝ հիմք ընդունելով ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հ.Հովհաննիսյանի՝ 26.10.2021թ. թիվ 199/7 և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի՝ 27.10.2021թ. «Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու մասին» №163 §1 հրամանները:

Որոշվեց.

  • ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի՝ 2021թ. հոկտեմբերի 26-ի  «Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու մասին» թիվ 199/7 հրամանից բխող գործողությունների ընթացքի մասին զեկուցողներ Ա.Մակարյանի, Ա.Դավթյանի և Տ.Խաչատրյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:
  • Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքը համարել բավարար:

Երկրորդ հարցի՝ ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման մասին զեկուցող Մ.Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը տարբեր մեխանիզմներով (հարցումների, հանդիպումների միջոցով)  կատարել է ուսանողների կրթական կարիքների ուսումնասիրություն,  վերհանել է նրանց խնդիրները, հավաքագրել ներքին և արտաքին շահակիցների կատարած առաջարկները, կատարել է հավաքագրած տվյալների վերլուծություն և կազմել է խնդիրների ու առաջարկների ամփոփ փաթեթ: Հավաքագրված տվյալները, դրանց վերլուծությունները և ուսանողների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները բաժինն իր առաջարկների հետ միասին ուղարկել է բոլոր շահագրգիռ կառույցներին՝ ակնկալելով դրանց քննարկում և բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ առաջարկությունների և լուծումների առաջարկ:

Այս հարցի հետ կապված՝ պարոն Մակարյանն առաջարկեց տնօրենության նիստի քննարկմանը ներկայացնելուց առաջ ֆոկուս-խմբերի հետ կազմակերպել հարցումների արդյունքների վերաբերյալ քննարկումներ՝ խնդիրների իրական պատճառները պարզելու նպատակով և տնօրենությանը ներկայացնել խնդիրների լուծման առաջարկներ:

Որոշվեց՝ ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման մասին Մ.Ճաղարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի՝ ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը: Նրանք մասնավորապես նշեցին, որ ավարտական աշխատանքների թեմաներն ամբիոններում քննարկվել և հաստատվել են, ըստ գործող կարգի՝ ուսանողները գրել են դիմումներ, և աշխատանքներն ընթացքի մեջ են: Հաշվի են առնվել նաև 2020թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների դիտարկումներն ու առաջարկությունները՝ կապված ավարտական աշխատանքների թեմաների հետ: Ա.Մարգարյանը հավելեց, որ մագիստրոսական թեզերի թեմաները հաստատվել են անցած տարի, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Որոշվեց՝ ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին ֆակուլտետների դեկանների և Ա.Մարգարյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) զեկուցեցին Ա.Մակարյանը և Վ.Եգանյանը: Զեկուցողները մասնավորապես նշեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020թ. օգոստոսի 4-ի N17-Ն հրամանով սահմանված սանիտարական և ԵՊՀ ռեկտորի շրջաբերականով նախատեսված նոր կանոնների պահպանման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից 2021թ. հոկտեմբերի 2-ին տրված հրամանի համաձայն՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնին հանձնարարվել էր սահմանված կարգով հավաքագրել մասնաճյուղի աշխատակիցների պատվաստման (առաջին և երկրորդ դեղաչափը ստանալու), թեստավորման (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ)), պատվաստման բժշկական հակացուցումների, հղիության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:

Նշվեց, որ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված համապատասխան գրանցամատյանները պետք է պարբերաբար լրացվեն, կատարվի շաբաթական վերլուծություն, և ներկայացվի տեղեկատվություն: Նաև անհրաժեշտ է հետևել մասնաճյուղում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմանը: Հաշվի առնելով թեստավորուման առաջին փուլի խնդիրները՝ փոխտնօրեն Մ.Օթարյանին առաջարկվեց բանակցել մեկ այլ բժշկական կազմակերպության հետ՝ հաջորդ թեստավորումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Որոշվեց՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) Ա.Մակարյանի և Վ.Եգանյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ այս պահի դրությամբ հեռակա ուսուցմամբ վերականգնվելու համար դիմել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 նախկին ուսանող: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի 4 նախկին ուսանողներին թույլատրել վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Ընթացիկ երրորդ հարցի մասին զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառով մասնաճյուղից հեռացման է ենթակա առկա ուսուցման համակարգի 1 ուսանող:

Որոշվեց՝ ըստ ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 62.4 կետի (կիսամյակի ընթացքում 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության դեպքում)՝ առկա ուսուցման համակարգի տվյալ ուսանողին հեռացնել մասնաճյուղից:

Արվեստաբան-գծանկարիչ Լ.Լաչիկյանի նվերը մասնաճյուղին

1. գլխավոր Անվանի գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաչիկյանի ստեղծագործությունները հայտնի են արվեստասեր լայն շրջանակներին: Նա ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է, 17 անհատական ցուցահանդեսների հեղինակ՝ կազմակերպված հայրենիքում և արտերկրում: Վերջերս նրա «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-ալբոմը պատվավոր մրցանակի արժանացավ Ալմաթիում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթի «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

2021թ. հոկտեմբերի 26-ին Լ.Լաչիկյանը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանին նվիրեց իր նոր աշխատանքը՝ ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր մասնաշենքի գծանկարը:

Ինչպես իր խոսքում նկատեց պարոն Մակարյանը, նման նկար ունենալու գաղափարն ինքն արտահայտել էր ամիսներ առաջ՝ ի նկատի ունենալով, որ Լ.Լաչիկյանն է Մայր բուհի 100-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի էսքիզի հեղինակը: Պարոն Լաչիկյանն իր հերթին հավելեց, որ այդ առաջարկը համընկել է իր ներքին ցանկության հետ՝ մանավանդ որ կար լավ առիթ. ս.թ. հոկտեմբերի 23-ին լրացավ Իջևանում քոլեջ-համալսարանի հիմնադրման 30-ամյակը: Վերջինիս բազայի վրա է 1994թ. հիմնադրվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Ուրախալի է, որ արդեն ունենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի իմիջը ներկայացնող, նուրբ գծերով ու զուսպ երանգավորմամբ առանձնացող գծանկար:

 

 

Գործնական պարապմունքներ իրականացվեցին դաշտային պայմաններում

1. գլխավոր 2021թ. hոկտեմբերի 21-ին «Հայաստանի աշխարհագրություն» և «Բուժ-առողջարարական զբոսաշրջություն» դասընթացների շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների գործնական պարապմունքներն իրականացվեցին դաշտային պայմաններում:

Գործնական աշխատանքների իրականացման համար ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի և դասախոս Ս.Սաֆարյանի ուղեկցությամբ այցելեցին Գոշի լիճ:

Պ.Ասիլբեկյանն ուսանողներին ներկայացրեց Գետիկի հովտի բնական պայմանները, լեռնագրական առանձնահատկությունները, ռեկրեացիոն ռեսուրսները, դրանց օգտագործման առկա վիճակը և հեռանկարները: «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացից ուսանողներին հանձնարարված աշխատանքներից մի քանիսը վերաբերում էր Գետիկի հովտին և «Դիլիջան» ազգային պարկին: Հետազոտական բաղադրիչ պարունակող տվյալ դասընթացի  շրջանակներում ուսանողների ստացած տեսական գիտելիքները համադրվեցին գործնականի հետ:

Հ.Ազիզյանն ուսանողներին ներկայացրեց տեղանքի բուժ-առողջարարական ռեկրեացիոն ռեսուրսները, տեղանքում տվեց դրանց բնութագիրը, բացատրեց տեղանքի միկրոկլիմայական առանձնահատկությունները և այլն:

Ուսանողները Գոշի լճի վերաբերյալ ներկայացրին համառոտ տեղեկատվություն՝ ըստ նախապես հանձնարարված պլանի:

Գործնական աշխատանքը հետաքրքիր էր և ուսանելի: Ուսանողները շատ գոհ էին դրա անցկացման ձևից:

Մեր ուսանողը՝ Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

1. գլխավոր

 2021թ. հոկտեմբերի 15-17-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:

Պատանիների 98 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գրիգոր Բեկնազարյանը:

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչ գոտեմարտում Գրիգոր Բեկնազարյանը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի նկատմամբ տարավ ջախջախիչ հաղթանակ և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչում գոտեմարտելով Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկի հետ՝ գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր ուսանողին՝ Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսին արժանանալու կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաղթանակներ և չեմպիոնական տիտղոսներ նվաճելու բերկրանքը վայելելու բազում առիթներ: