Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. գլխավոր 2021թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Վ.Բախչագյուլյանը (որպես բաժնի վարիչին փոխարինող):

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  2. Հաղորդում մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Լ.Բեգինյան):
  3. Ընթացիկ հարցեր.
    • Ուսանողական իրավունքների վերականգնման մասին (զեկուցող՝ Ն.Առուշանյան):
    • 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Ն.Գրիգորյան):
    • ՀՀ առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի N17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) (զեկուցող՝ Վ.Բախչագյուլյան):

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցող Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի: Քննաշրջանն իրականացվելու է ս.թ. հոկտեմբերի 26-30-ը: Ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում և դրանց մասին տեղեկացվել է դասախոսներին և ուսանողներին: Ֆակուլտետներին են տրամադրվել նաև քննությունների համար նախատեսված տետրերը։ Ա.Դավթյանը նշեց, որ մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի համաձայն՝ մասնաճյուղի ուսումնական գործընթացն առաջին կիսամյակում ընդգրկում է 16 պրակտիկա` 6 մանկավարժական, 1 գիտամանկավարժական, 5 արտադրական և 4 ուսումնական: Ըստ ժամանակացույցի՝ մինչև այժմ պրակտիկայի մեջ են համարվում 9 կրթական ծրագրերով 12 կուրսի 158 ուսանողներ: Եվս 3 ուսանող ուսումնական պրակտիկա է իրականացնում որպես տարբերություն:

Բակալավրի կրթական ծրագրով մանկավարժական պրակտիկաները այս տարի ևս կազմակերպվել են Իջևանի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցներում, որի համար հաստատությունների տնօրենների հետ կնքվել են նոր պայմանագրեր: Ընթացակարգի համաձայն՝ նախապես պատրաստվել են գրություններ, կատարվել խմբերի բաժանումներ և նախապատրաստական այլ աշխատանքներ: Իջևանի թիվ 5 դպրոցում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», ինչպես նաև մանկավարժի լրացուցիչ որակավորման «Անգլերեն լեզու և գրականություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 4-րդ կուրսի ուսանողները պրակտիկան սկսել են իրականացնել հոկտեմբերի 4-ից: Առաջին իսկ շաբաթում դպրոցում արձանագրվել է «COVID-19»-ով վարակման դեպքեր ուսուցիչների, աշակերտների և պրակտիկանտների շրջանում: Նշված խմբերի ուսանողների համար պրակտիկայի ղեկավարներին հանձնարարվել է առաջիկա շաբաթներում գործընթացն իրականացնել առցանց եղանակով:

Մագիստրոսի կրթական ծրագրով գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպվել է մարզի 11 դպրոցներում և Իջևանի տարածաշրջանային պետական քոլեջում: Աշխատանքներն իրականացվում են ըստ ղեկավարների կողմից տրվող հանձնարարությունների: Արտադրական պրակտիկաները կազմակերպվել, և գրություններ են ուղարկվել 27 հաստատություններ: Ուսումնական պրակտիկաները կազմակերպվում են մասնաճյուղում և արտահայտված են դասացուցակներում:

Պրակտիկաներին ուսանողների մասնակցության վերահսկողությունն ապահովելու նպատակով պրակտիկայի ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր շաբաթվա վերջում բաժին ներկայացնել ուսանողների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն: Արդյունքները կամփոփվեն և կքննարկվեն առաջիկա օրերին:

Որոշվեց՝ մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի վերաբերյալ Լ.Բեգինյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ուսանողական իրավունքների վերականգնման մասին զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ այս պահի դրությամբ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում հեռակա ուսուցմամբ վերականգնվելու համար դիմել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 10 նախկին ուսանող: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի 10 նախկին  ուսանողներին թույլատրել վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցող Ն.Գրիգորյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 27 է:

«ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգ»-ի 13-րդ կետին համապատասխան՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները, և դրանք ներկայացվել են ուսանողներին:

2021թ. սեպտեմբերի 17-ին ԿԲԴՎ բաժինը 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ կազմակերպել է առցանց հանդիպում-քննարկում, որը վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:

Ն.Գրիգորյանը հավելեց, որ պարբերական կլինեն հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց իրականացրած աշխատանքներին, առաջարկներին ու հաջող փորձին ծանոթանալու համար:

Որոշվեց՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ երրորդ հարցի մասին զեկուցող Վ.Բախչագյուլյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020թ. օգոստոսի 4-ի N17-Ն հրամանով սահմանված սանիտարական և ԵՊՀ ռեկտորի շրջաբերականով նախատեսված նոր կանոնների պահպանման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից 2021թ. հոկտեմբերի 2-ին տրվել է կորոնովիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին հրաման: Վերջինիս համաձայն՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնին հանձնարարվել է սահմանված կարգով հավաքագրել մասնաճյուղի աշխատակիցների պատվաստման (առաջին և երկրորդ դեղաչափը ստանալու), թեստավորման (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ)), պատվաստման բժշկական հակացուցումների, հղիության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:

Ըստ հավաքագրված տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ-ում ունենք երկրորդ դեղաչափը ստացած և սերտիֆիկատ ներկայացրած 43 աշխատակից, առաջին դեղաչափը ստացած 90 աշխատակից, թեստավորված 70 աշխատակից, 3 հղի և 3 COVID-19-ով վարակված աշխատակից: Տվյալներն ամբողջական չեն, քանի որ մասնաճյուղում ունենք համատեղությամբ աշխատող դասախոսներ, ովքեր դասի են գալիս 2 շաբաթը մեկ պարբերականությամբ, իսկ թեստավորման արդյունքներն էլ մասամբ դեռ հայտնի չեն:

 Որոշվեց՝ ՀՀ առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի  N17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) Վ.Բախչագյուլյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

 

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները  

1. գլխավոր

 2021թ. հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվում են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ:

Հիշեցնենք, որ առաջին անգամ՝ 2021 թվականին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն է ստացել կազմակերպելու ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Հերթական ատեստավորման ենթակա ավելի քան ութ տասնյակ ուսուցիչների վերապատրաստումները ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում են ս.թ. հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ՝ բոլոր բաղադրիչներով հետևյալ մոդուլների համար.

  1. տարրական դասարաններ,
  2. հայոց լեզու և գրականություն,
  3. հայոց պատմություն,
  4. անգլերեն,
  5. ֆրանսերեն,
  6. մաթեմատիկա,
  7. կենսաբանություն,
  8. նախնական զինվորական պատրաստականություն,
  9. ֆիզիկական կուլտուրա:

Մասնաճյուղում վերապատրաստումներն անցկացվում են առկա եղանակով և միայն մեկ մոդուլ՝ առցանց, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր 2021թ. հոկտեմբերի 2-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել է ԵՊՀ ԻՄի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Հասանյանը:

Վերապատրաստումը նախատեսված է ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների ղեկավարների, վարչական  և ուսումնաօժանդակ անձնակազմի անդամների համար:

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ նշելով, որ գրագրության և փաստաթղթաշրջանառության գրագետ և արհեստավարժ կազմակերպումը համալսարանական մշակույթի անբաժանելի մասն է: Նա նաև տեղեկացրեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարք, որի արդյունքները հաշվի կառնվեն մոտակա ատեստացիայի ժամանակ:

Ա.Հասանյանը դասընթացին ներկայացրեց կազմակերպաիրավական, կարգադրական, տեղեկատվական-արձանագրային հիմնական փաստաթղթերի կազմման սկզբունքներն ու ձևերը:

Նշվեց, որ գործնական գրությունների կազմման համար հանձնարարելի է համարվում Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ձեռնարկը, որտեղ ներկայացված են գրավոր խոսքի առավել գործածական տեսակները, տրված է դրանց համառոտ բնութագիրը, շարադրանքի ձևն ու բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ դրանց կազմման ձևերն այնուամենայնիվ միատարր չեն, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ առաջնորդվում են իրենց կողմից մշակված տարբեր ձևանմուշներով:

Ըստ այդմ՝ տիկին Հասանյանը դասընթացի մասնակիցներին առաջարկեց վերապատրաստման ընթացքում միասին մշակել բուհում առավել շատ գործածվող գրությունների համար ձևանմուշներ:

Առաջին դասին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի վարչական  և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչները, հաջորդիվ կմասնակցեն ֆակուլտետների դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները:

«Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը կավարտվի ստուգարքով:

 

ԵՊՀ ԻՄ-ի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

1. գլխավոր. IMG_63182021թ․ հոկտեմբերի 2-ին կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

Այցելության նպատակը 2021-2022 ուսումնական տարում մասնաճյուղի և միության համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելն էր։

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ ՋՄիլիների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի և կրթական ծրագրի ղեկավար, ասիստենտ Ա.Մարդանյանը, նույն սեկցիայի դասախոս Մ.Աղբալյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համաձայնագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը խթանելու մասնաճյուղում ֆրանսերենի զարգացումն ու տարածումը։

Ըստ համաձայնագրի՝ ֆրանսիական կողմը կշարունակի կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, որոնք կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը։

Հանդիպման ժամանակ նաև նշվեց, որ ֆրանսիական կողմը կաջակցի համալսարանի դասախոսներին՝ Ֆրանսիայում վերապատրաստվելու համար։

Տնօրենի հետ հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրը կրթաթոշակներ հանձնեց 2020-2021 ուստարվա շրջանավարտ Վ.Իսախանյանին, 4-րդ կուրսի ուսանողուհի Մ.Օհանյանին, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ա.Ղազարյանին, Ա.Մեհրաբյանին, Ն.Գասպարյանին, Մ.Ղազարյանին, 2-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ենգիբարյանին։

Հանդիպման վերջում ուսանողուհիները երախտագիտություն հայտնեցին պարոն Ջոս Միլիներին և խնդրեցին իրենց խորին շնորհակալությունը փոխանցել տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության համար։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հաշմանդամությունը սոցիալական մոդելի տեսանկյունից» դաս-քննարկումը

1. գլխավոր 2021թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մասնաճյուղի գրադարանում կայացավ «Հաշմանդամությունը  սոցիալական  մոդելի  տեսանկյունից» դաս-քննարկումը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:

Դաս-քննարկումը վարեց «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը, մասնակցեցին բուհի վարչական անձնակազմի անդամներ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողները:

Քննարկման նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամության, ներառականության և հավասարության տեսանկյունից, կոտրել հասարակության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը, ինչպես նաև ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը հետևյալն էր.

  • Մեր հասարակության մեջ ինչպե՞ս են ներգրավված հաշմանդամություն ունեցող անձինք:
  • Արդյո՞ք կան բոլոր պայմանները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց լիաժեք զգան մեր հասարակության մեջ:
  • Ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ:
  • Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հաշմանդամություն ունեցող անձանց:                 
  • Ինչպե՞ս կազմակերպենք հաշմանդամություն ունեցողների լիարժեք ներգրավումը մեր հասարակության մեջ, նրանց շփումը, բոլոր կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ:

Դաս-քննարկման վերջում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերեց  մանկավարժահոգեբանական աջակցության մեթոդական ձեռնարկներ: