Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների

1. գլխավոր

2021թ. փետրվարի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված պատերազմում զոհված հայորդիների սուրբ հիշատակին:

 

Միջոցառումը կազմակերպվել էր Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Քրիստինե Մխիթարյանի և «Դիզայն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համատեղ ջանքերով:

 

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

 

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջ հերոսների հիշատակը, ապա ներկայացրին պատերազմից հերոսական դրվագներ, խոսեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ պատերազմին մասնակցության մասին։ Ներկաներն իրենց հիշատակի խոսքում առանձնացրին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ, հայրենիքի համար նահատակված Հովհաննես Չոբանյանին և Հակոբ Մելիքսեթյանին:

 

Մասնավորապես նշվեց, որ Հովհաննես Չոբանյանը ծնվել է 1997թ․ հուլիսի 17-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Սովորել և ավարտել է Հովհաննես Հինդիլյանի անվան միջնակարգ դպրոցը: 2015-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ: Նա տաղանդավոր նկարիչ էր, լավագույններից մեկը և՛ ուսման մեջ, և՛ շրջապատում:

 

2019 թվականին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմի թեժ մարտերին: Բազմիցս աչքի է ընկել մարտական առաջադրանքների կատարման ընթացքում: Հերոսաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Որոտանի (Կուբաթլու) համար մղվող մարտերի ժամանակ:

 

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ 2018 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

 

Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ Մարտունի-2 զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ: Անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում: Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Զինված ուժեր» կրծքանշաններով:

 

Միջոցառման վերջում, ի հիշատակ հազարավոր հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ

Ընդուն. նկար

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:

 

Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն: Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

 

Գալիք՝ 2021-22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան:

 

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ:

 

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ:

 

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները:

 

Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն: Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ:

 

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2021-2022 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր - տնօր. նիստի նկար

2021թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առկա քննաշրջանի ամփոփում:
  2. Հաղորդում ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին:
  3. 2021թ. բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունների հարցի քննարկում:
  4. Անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների հարցի քննարկում:
  5. Ընթացիկ հարցեր.

5.1. ԵՊՀ  ԻՄ-ի  2021թ. բակալավրի կրթական ծրագրերի վերանայման ընթացքի մասին:

5.2. Առկա և հեռակա ուսուցման համակարգերում ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքի մասին:

5․3. ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման ընթացքի մասին:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ մասնավորապես նշելով, որ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի՝ հունվարի 11-30-ը, ուսանողների կողմից քննությունների արդյունքների բողոքարկումներ չեն եղել: 1-ին քննաշրջանի արդյունքում ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերել են հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողները (82,2%), իսկ ամենացածրը՝ բնագիտական ֆակուլտետի ուսանողները (46,6%)։ Միջին առաջադիմությունը մասնաճյուղում կազմել է 76.7%:

Որոշվեց 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առկա քննաշրջանի ամփոփման մասին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը: Նրանք մասնավորապես նշեցին, որ բոլոր ուսանողներն արդեն ընտրել են ավարտական աշխատանքների թեմաները, հիմնական մասը ղեկավարներից ստացել է գրականության ցանկը և աշխատանքի պլանը:

Պարոն Մակարյանը նշեց, որ միայն Բնական գիտությունների ֆակուլտետում են կազմվել ավարտական աշխատանքների անոտացիաներ, որտեղ նկարագրվում են ուսանողի առջև դրվող խնդիրները և աշխատանքի ավարտին սպասվող արդյունքները: Հետագայում մյուս ֆակուլտետները ևս պետք է ներդնեն այդ դրական փորձը, քանի որ անոտացիաները թույլ են տալիս բովանդակային առումով հետևել ավարտական աշխատանքների կատարմանը: Տնօրենը նշեց, որ դեկանները պարբերաբար կապի մեջ լինեն ամբիոնների վարիչների հետ, ամբիոններից ստանան ավարտական աշխատանքների իրականացման մասին տեղեկատվություն և հետևեն դրանց ընթացքին:

Որոշվեց.

  1. Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևելու ավարտական աշխատանքների կատարման ընթացքին՝ առաջնորդվելով «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգ»-ով (25.12.2020թ., 48/6 նիստի որոշում):
  2. Հանձնարարել Հեռակա ուսուցման բաժնի վարիչին մինչև 2021թ. փետրվարի 20-ը ՈՒՄՎ և տնօրենին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հեռակա ուսուցման համակարգի ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին:

Երրորդ հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ «Բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույց»-ի համաձայն՝ մինչև փետրվարի 23-ը պետք է ներկայացնել ամփոփիչ ատեստավորման նախագահների թեկնածությունները: Ա.Մակարյանը շեշտեց, որ այս հարցում առաջնորդվելու ենք «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգ»-ով, որի 3.7 դրույթի համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման նախագահ կարող է լինել համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և / կամ կոչում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երեք տարիների ընթացքում չեն եղել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:

Դեկանները նշեցին, որ ամբիոնների վարիչներն արդեն ունեն հանձնաժողովների նախագահների թեկնածուներ և բանակցություններ են վարում նրանց հետ:

Որոշվեց հանձնարարել դեկաններին մինչև փետրվարի 23-ը տնօրենին ներկայացնել 2021թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Չորրորդ հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նախ ներկայացրեց ՀՀ ՊՆ կողմից հատկացվող «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակներին հավակնող ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և  հասարակական ակտիվ գործունեությամբ.

  1. Մետաքսե Սարգսի Մելյան – «Դիզայն» մասանգիտության 3-րդ կուրս («Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակ),
  2. Արայիկ Գառնիկի Շահնազարյան – «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 4-րդ կուրս («Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակ):

2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակ
 ստացող ուսանողների վերբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետները ներկայացրել են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ցանկը, իսկ ԵՊՀ անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր երեք ուսանող՝ Լաուրա Խաժակի Ուլիխանյանը («Զբոսաշրջություն», 3-րդ կուրս), Տիգրան Սերյոժայի Գասպարյանը («Քարտեզագրություն և կադաստրային գործ», 4-րդ կուրս), Լիլիթ Շաքարի Դավթյանը («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», 4-րդ կուրս), որոնցից ընտրվեց ամենաբարձր առաջադիմությունն ունեցող Տիգրան Սերյոժայի Գասպարյանը (կիսամյակային ՄՈԳ-ը՝ 20, ընթացիկ ՄՈԳ-ը՝ 19.48):

Որոշվեց.

  1. Հաստատել ՀՀ ՊՆ կողմից հատկացվող «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակների հավակնորդների թեկնածությունները:
  2. Անվանական կրթաթոշակների ներկայացված մյուս ուսանողների ցանկը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանը:

Ընթացիկ հարցերը 3-ն էին, որոնցից 1-ինի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ ըստ հրամանի ձևավորված աշխատանքային խմբերը փետրվարի 1-ից սկսել են 2021թ. կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: ԵՊՀ ԻՄ-ի 2020թ. կրթական ծրագրերը տեղադրված են պաշտոնական կայքէջում: Որոշ խնդիրներ են առկա Կիրառական արվեստի ֆակուլտետում, սակայն մինչև փետրվարի 20-ը դրանք կշտկվեն: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի մշակումը դեռևս ընթացքի մեջ է:

Որոշվեց.

  1. Հանձնարարել ԿԲԴՎ, ՄԿՈԱ բաժիններին և ֆակուլտետների դեկաններին հետևել կրթական ծրագրերի վերանայման ժամանակացույցների կատարմանը:
  2. Հանձնարարել Հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին ձևավորել աշխատանքային խումբ՝ մագիստրատուրայի կրթական ծրագիրը վերանայելու համար:

Ընթացիկ 2-րդ հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 6 ուսանող դիմել է 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում, իսկ 1 ուսանող՝ 2021-2022 ուտարվա 1-ին կիսամյակում համապատասխան մասնագիտություններով իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: ՈՒՄՎ կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ին (17.12.2018, N1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին: Ա.Դավթյանը հավելեց, որ հեռակա ուսուցման համակարգի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Աշոտի Բադալյանը չի հանձնել ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունները և չի վճարել ուսման վճարը:

Որոշվեց.

  1. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ներկայացված ուսանողների ուսանողական իրավունքները 2020-2021 ուստարվա 2-րդ և 2021-2022 ուստավա 1-ին կիսամյակներում:
  2. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ի 17 կետի համաձայն՝ Տիգրան Աշոտի Բադալյանին հեռացնել մասնաճյուղից:

Ընթացիկ 3-րդ հարցի վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներին է ներկայացվել մասնաճյուղի ռազմավարական ծրագրի այն խնդիրների ցանկը, որոնք տնօրենի հետ քննարկումների արդյունքում որոշվել է դնել ստորաբաժանումների 2021թ․ աշխատանքային պլանների հիմքում։ Ըստ Մ.Ճաղարյանի՝ աշխատանքային պլանները գրեթե ամբողջությամբ պատրաստ են:

Ա.Մակարյանը հանձնարարեց, որ ՄԿՈԱ բաժինը հետևողական լինի աշխատանքային պլանների վերջնական կազմման հարցում:

Որոշվեց հանձնարարել ստորաբաժանումների վարիչներին, որ մինչև 2021թ. փետրվարի 20-ը աշխատանքային պլանները ներկայացնեն տնօրենի հաստատմանը:

2-րդը՝ ներսում՝ տեքստի ներքևում

Հարգանքի տուրք մատուցվեց Ա. Ս. Պուշկինի հիշատակի և Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ

1. գլխավոր

2021թ. փետրվարի 10-ին՝ Դիվանագիտական աշխատողի օրվա և Ա. Ս. Պուշկինի հիշատակի օրվա առթիվ, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ծաղիկներ դրվեցին Պուշկինի լեռնանցքի մոտ գտնվող աղբյուր-հուշարձանին (Լոռու մարզ, գյուղ Գարգառ), որտեղ 1829թ. էրզրում ճանապարհորդելիս Ա. Ս. Պուշկինը հանդիպել էր Ա. Ս. Գրիբոյեդովի աճյունը Իրանից Թբիլիսի տեղափոխողներին: Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795-1829) ռուս մեծ գրողներից առաջինն է, ով իր դիվանագիտական ծառայության և պատմական իրադարձությունների բերումով այցելեց Հայաստան, հաղորդակցվեց նրա հնագույն պատմությանը և մշակույթին, մոտիկից ծանոթացավ ժողովրդի կենդանի կյանքին:

 

Միջոցառմանը ներկա էին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Հարություն Համբարձումյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպությունների անդամներ, Վանաձորի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄ.Զուրաբյանը, նույն մասնագիտության ուսանողներ:

 

Իր ելույթում հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը նշեց, որ 2002թ. հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի հրամանագրով փետրվարի 10-ը սահմանվել է որպես Դիվանագիտական աշխատողի օր: «Այժմ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել շատ երկրներում, և դրանցում դիվանագետներ են մահանում: Դժբախտաբար, Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովը մահացավ հենց Իրանում իր ծառայության ընթացքում: Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը մահացավ Ստամբուլում», – ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը` անդրադառնալով դիվանագետների բարդ աշխատանքին՝ պետությունների և ժողովուրդների միջև խաղաղության կամ ըմբռնման կամուրջներ կառուցելու ուղղությամբ:

 

Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը ներկայացրեց հուշարձանի պատմությունը, որը վերակառուցվել է 2005 թվականին և Պուշկինի լեռնանցքի գագաթից տեղափոխվել է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հասանելիության համար: Հայաստանում աղբյուր-հուշարձանը կանգնեցվել է 1937 թվականին՝ Պուշկինի հիշատակի հարյուրամյակին, Բեզոբդալ լեռան գագաթին՝ Ստեփանավան քաղաքը Կիրովականի հետ կապող չսալարկված ճանապարհի եզրին: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սմբատ Սարգսյանը և ճարտարապետ Գեորգի Մուրզան: Պուշկինի լեռնանցքը (Բեզոբդալի, Բզովդալի, Դվալի լեռնանցք) գտնվում է Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում: Լեռնանցքը կոչվել է ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի անունով, քանի որ 1829 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդր Պուշկինը, իր իսկ խոսքով, լեռնանցքից ոչ հեռու՝ հայկական փոքրիկ Գարգառ (այժմ ՝ Պուշկինո) գյուղի մոտ, հանդիպեց մի սայլի, որով Թբիլիսի էին տեղափոխում Թեհրանում սպանված Գրիբոյեդովի մարմինը:

 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Կայացավ «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր

2021թ. հունվարի 19-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 23 դասախոս մասնակցեց Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Համագործակցային  ակտիվ ուսուցում  լսարանում»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացին, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

 

Դասընթացը վարեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Արմենի Թռչունյանը

 

Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում 2018-2019 թթ. իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ եվրոպական հինգ բուհերում՝ նպատակ ունենալով արդի տեխնոլոգիաները ծառայեցնելու համալսարանական կրթական գործընթացին: Ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել է 16 դասախոս ԵՊՀ-ից, որոնք եվրոպական համալսարաններից վերադառնալուց հետո արդեն իրականացրել են վերապատրաստումներ ԵՊՀ-ի 500-ից ավելի դասախոսների համար: Այդ վերապատրաստումները շարունակվում են, ու դրանց մի բաղադրիչը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների տվյալ վերապատրաստումն էր:

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մասնակիցներին հաղորդել համակողմանի և ամ­փոփ գիտելիքներ ու գործնական հմտություններ բարձրագույն կրթության հա­մակարգում ակտիվ ուսուցման արդի  բովանդակության, ինչպես նաև կազմա­կերպ­չա­կան ձևերի և ուղիների վերաբերյալ:

 

Կարեն Թռչունյանը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին փոխանցեց նորագույն, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով հագեցված ուսումնառության մեթոդների վերաբերյալ իր փորձառությունն ու գիտելիքները՝ կիրառելով նաև Լյուվենի համալսարանում վերապատրաստվելու ընթացքում ձեռք բերված նոր մոտեցումները:

 

Դասընթացի ժամանակ քննարկվեցին և՛ առցանց ուսուցման հնարավորությունները, և՛ լսարանում կիրառվող ակտիվ ուսումնառության տեխնոլոգիաներ:

 

Խումբը քննարկեց ակտիվ ուսումնառության ու ՏՀՏ-ների կիրառման նորագույն կրթական ռազմավարությունները, հնարավորությունները, մեթոդաբանությունը և մոտեցումները: Հանդիպումների ընթացքում դիտարկվեցին առարկաների կազմման մեթոդները՝ կիրառելով ADDIE և SMART մոդելները, և ընդհանուր առմամբ բացատրվեց ակտիվ ուսուցման կոնցեպտի էությունը: Մասնակիցները, ելնելով կրթական վերջնարդյունքներից, շատ լավ կարողացան ներկայացնել ակտիվ ուսուցման կոնցեպտի կիրառման իրենց մոտեցումները:

 

Դասընթացի հիմնական թեմաներից էր ակտիվ ուսուցման կոնցեպտի տեղայնացումը և կիրառումը համապատասխան դասընթացներում: Վերապատրաստման դասընթացի մասնակիցները ծանոթացան մանկավարժական և տեխնոլոգիական տարբեր մոտեցումներին և դրանց համակարգված կիրառմանը, մասնավորապես՝ ADDIE և SMART մոդելներով առարկաների դասավանդման առավելություններին և ուսանողների ներգրավվածության բարձրացմանն ուղղված մի շարք մոտեցումների: Ելնելով դասընթացի կրթական վերջնարդյունքների պահանջներից՝ ցույց տրվեցին ուսանող-ուսանող, “scavenger hunt” և այլ մեթոդների հնարավորությունները և կիրառությունները: Պարզաբանվեց տարբեր առցանց ռեսուրսների կիրառումը, ինչպես նաև նորերի ստեղծումը մայրենի լեզվով: Առցանց ռեսուրսներից քննարկվեցին տարբեր առարկաների դասախոսությունների տեսադարանների ստեղծման հնարավորությունները և առավելությունները:

 

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ էին մասնակցում քննարկումներին ու հնարավոր կիրառություններին և արտահայտվեցին, որ պատրաստվում են իրենց դասընթացներում կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները: