Կայացավ «Русский мир и Армения» գիտական քննարկումը

1. գլխավոր

ԵՊՀ ԻՄ-ի նորաբաց Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում տեղի ունեցավ «Русский мир и Армения» խորագրով գիտական քննարկումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և դասախոսներ:

 

Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, ներկայացրերց քննարկման կարևորությունը հայ և ռուս ազգերի ավանդական դարձած գրական կապերի համատեքստում՝ այն դիտարկելով հետխորհրդային աշխարհագրական տարածքում:

 

Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան քրիստոնեական արժեքներ դավանող երկու ազգերի մշակույթների ընդհանրություններին:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. ՄՍարուխանյանը իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ միջմշակութային կապերը դիտարկելիս անհրաժեշտ է սահմանազատել դրանք քաղաքական գործոններից։ Բանախոսը էապես կարևորեց նաև նման ձեռնարկները գիտական հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտությունը։

 

Վերջում ներկաները համոզմունք հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն, և կանդրադառնան գիտական արժեք ներկայացնող համանման հրատապ թեմաների:

 

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2020-21 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում իրականացվել են փոփոխություններ

2. ԿԳՄՍՆ նորութ. նկարը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ 2020թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:

Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն: Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

Գալիք՝ 2021-22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան:

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ:

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները:

Սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն: Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ:

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2021թ. ընդունելության մասնագիտությունների ցանկում ևս կատարվել են որոշ փոփոխություններ: «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրից հանվել է ոչ մրցութային «Հայոց պատմություն» առարկան: «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) մրցութային համարվող առարկաները կլինեն երկու աստղանիշով (երկու աստղանիշով նախատեսված «Օտար լեզու» (գրավոր) առարկայի հետ համատեղ (կամ-ով) դրվել է «Աշխարհագրություն» (գրավոր) առարկան):

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար. 20.11.2020

2020թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում:
  2. «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում լրացում կատարելու որոշման կիրարկման մասին:
  3. Ընթացիկ հարցեր.

3.1. Ուսման վարձերի վճարման դինամիկայի մասին:

3.2. Մագիստրատուրայի դասերի կազմակերպման և ընթացքի մասին:

3.3. Մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի մասին:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ նախ, ըստ ֆակուլտետների, զեկուցեցին դեկանները, ապա մասնաճյուղի առաջադիմության ընդհանուր պատկերը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի 562 ուսանողից դրական գնահատականներ է ստացել 501 ուսանող: Չներկայացած կամ անբավարար է ստացել 61 ուսանող: Ընդհանուր առաջադիմությունը կազմում է 89%:

Որոշվեց 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների մասին ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Օրակարգի երկրորդ հարցի մասին հաղորդեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ի նիստում ներկայացվել է «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում լրացում կատարելու նախագիծը: Տվյալ նախագծով առաջարկվել է կարգը լրացնել նոր՝ «Պրակտիկայի անցկացումը հեռավար (առցանց) եղանակով» բաժնով: Ըստ նոր բաժնի դրույթների՝ որոշակի հանգամանքների (արտակարգ դրության, ռազմական դրության, համաճարակի և այլն) դեպքում ուսանողների պրակտիկան, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպվել հեռավար (առցանց) եղանակով: Նախագծի համաձայն՝ ուսումնական պրակտիկան առցանց անցկացվում է ԵՊՀ դասախոսների կողմից՝ օգտագործելով համապատասխան գործիքակազմ՝ համակարգչային վիրտուալ լաբորատորիաներ, տարբեր թվային հարթակներ, ուսումնական տեսաֆիլմեր, ներկայացումներ և այլն: Մասնագիտական պրակտիկան առցանց անցկացվում է կարգով նախատեսված վայրերում, որին մասնակցում են ֆակուլտետի կողմից նշանակված անմիջական ղեկավարը, ինչպես նաև ընդունող կողմի մասնագետները, իսկ մանկավարժական պրակտիկան առցանց անցկացվում է տվյալ պահին հանրակրթական ուսումնական հաստատության կողմից օգտագործվող հարթակ(ներ)ի միջոցով: ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է առաջարկված փոփոխությունները: 

Ներկայացվեց նաև մի շարք արտասահմանյան (օրինակ՝ Հարվարդի համալսարան, Դերեկ Բոկի կենտրոն) և ՀՀ (օրինակ՝ ՀՊՄՀ) համալսարանների փորձը, երբ մանկավարժական պրակտիկան և այդ պրակտիկայի ժամանակ տարբեր կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող դասերը տեսաձայնագրվում են՝ հետագայում քննարկելու, բացթողումները վերհանելու և բարելավելու նպատակով։

Որոշվեց.

  1. ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաները առցանց կազմակերպելիս առաջնորդվել ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ի նիստի որոշումով հաստատված «Պրակտիկայի անցկացումը հեռավար (առցանց) եղանակով» բաժնի դրույթներով:
  2. Առցանց պրակտիկաները տեսաձայնագրել՝ հետագա մասնագիտական քննարկումների և պրակտիկայի բարելավման նպատակով:
  3. Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնին, ամբիոնների վարիչներին հանձնարարել հետևողական լինել, որպեսզի պրակտիկաների ղեկավարները պատշաճ կարգով, ըստ հաստատված ծրագրերի, իրականացնեն պրակտիկաները:

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա ներկայացրեց առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների կողմից վարձավճարների մուծման հետ կապված խնդիրները՝ ըստ ֆակուլտետների: Հանրապետությունում և առանձնապես մարզում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով ուսանողությունը չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները և ժամանակին ու սահմանված չափով վճարել ուսման վարձը:

Ա.Մակարյանը նշեց, որ մասնաճյուղի տնօրենությունը միշտ ընդառաջ է գնացել ուսանողության դիմումներին, թույլատրել է հետաձգել վճարումները, և ոչ մի ուսանող դեռևս չի հեռացվել վարձավճարը չմուծելու պատճառով: Սակայն մասնաճյուղի բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել դրամական միջոցների որոշակի մինիմալ մուտքեր: Այդ տեսակետից ֆակուլտետների դեկանատները հաշվապահության հետ համատեղ պետք է աշխատեն՝ ցուցաբերելով անհատական մոտեցում ամեն մի ուսանողի նկատմամբ:

Որոշվեց՝ ուսման վարձերի վճարման դինամիկայի մասին Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ ընթացիկ հարցի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարում ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով  հեռակա ուսուցմամբ  մագիստրատուրա լիցենզիայով սահմանված 25 տեղի համար ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 12-ը դիմել էր մասնաճյուղի տարբեր տարիների և այլ ՀՀ պետական բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող 38 շրջանավարտ: Ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով. 2020թ. հոկտեմբերի 23-24-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը և քննությունը: Մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ հարցազրույց է անցկացվել 7 դիմորդի հետ, ովքեր ԵՊՀ ԻՄ-ում ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում, եղել են «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտներ կամ ունեցել են առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ: «Մանկավարժություն» առարկայից, ըստ նախապես տրամադրված հարցաշարի, քննություն պետք է հանձներ 31 դիմորդ, որից 6-ը, սակայն, չի ներկայացել քննությանը:

Արդեն չորրորդ օրն է՝ ս.թ. նոյեմբերի 16-ից, ինչ առցանց եղանակով՝ միասնական Zoom հարթակում, մեկնարկել են մագիստրատուրայի դասերը: Դասաբաշխումն իրականացվել է այնպես, որ մասնագիտական դասընթացները վարում են բացառապես գիտությունների դոկտորներ։ Դասերն իրականացվում են պատշաճ կարգով, ըստ հաստատված դասացուցակի: 

Որոշվեց՝ մագիստրատուրայի դասերի կազմակերպման և ընթացքի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց դարձյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը ներկայացրել է զեկուցագիր՝ ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Խաժակ Սահակի Սարգսյանին մասնաճյուղից հեռացնելու մասին՝ այլ բուհ տեղափոխվելու կապակցությամբ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքներին և առաջին ընթացիկ քննություններին չմասնակցելու, կիսամյակի ուսման վարձը սահմանված ժամկետներում չվճարելու պատճառով:  

Որոշվեց, հիմք ընդունելով Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանի զեկուցագիրը, «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Խաժակ Սահակի Սարգսյանին հեռացնել մասնաճյուղից:

ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_8963

2020թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Հարություն Համբարձումյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

 

Հուշագրով ամրագրվեցին համագործակցության մի շարք ուղղություններ կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում:

 

Երկկողմ համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, փառատոներ, մրցույթներ, օլիմպիադաներ, գիտական կոնֆերանսներ, կլոր սեղաններ, դասախոսություններ և այլ գիտակրթական ու մշակութային միջոցառումներ:

 

Համատեղ նախագծեր, փաստաթղթեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ, ստեղծել փորձագիտական խմբեր և կազմկոմիտեներ:

 

Համագործակցության զարգացմանն է ուղղված նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցչության հիմնումը ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ փակցվեցին կենտրոնի գործունեությունը լուսաբանող պաստառներ, դասավորվեցին կենտրոնի կողմից մասնաճյուղին նվիրաբերված ռուսալեզու գրքեր:

 

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ կայացավ հանդիպմանը, որին մասնակցեցին ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, իրավախորհրդատու Ն.Նազարյանը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ.Համբարձումյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության լավ փորձը Շիրակի և Լոռու մարզերում, կենտրոնի համագործակցությունը մարզային բուհերի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, ուսանողների և դասախոսների շարժունության, ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները: