Խորապես ցավակցում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի նոր տնօրեն

  Խոր վշտով հայտնում ենք, որ 45 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը:

Ա.Ցուցուլյանը ծնվել է 1975թ. դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզում՝ Ազատամուտում: Ավարտել է Ազատամուտի միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով:

1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում:

1998 թվականից Ա.Ցուցուլյանն աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:

1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս2001-2003-ին՝ որպես ասիստենտ:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003  թվականից  նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:

2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:

2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:

2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:

2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄի փոխտնօրեն:

2018թ. հունիսի 12-ից մինչև 2019թ. օգոստոսի 28-ը Ա. Վ. Ցուցուլյանը եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Ա. Վ. Ցուցուլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Սիրված դասախոսի, հմուտ մանկավարժի, վստահելի գործընկերոջ, լուսավոր մարդու հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները մասնակցում են հերթական վերապատրաստման դասընթացին

1

 2020թ. հուլիսի 2-15-ը ԵՊՀ ԻՄ-ի շուրջ երկու տասնյակ դասախոսներ մասնակցում են «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում` մոբայլ  ուսումնառություն  և խաղայնացում» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացին, որը վարում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, փ.գ.թ., ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակակիր Սիլվա Պետրոսյանը:

Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում 2018-2019 թթ. եվրոպական հինգ բուհերում իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով արդի տեխնոլոգիաները ծառայեցնելու համալսարանական կրթական գործընթացին: Ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել է 16 դասախոս ԵՊՀ-ից, ովքեր եվրոպական համալսարաններից վերադառնալուց հետո արդեն իրականացրել են վերապատրաստումներ ԵՊՀ 500-ից ավելի դասախոսների համար: Այդ վերապատրաստումները շարունակվում են, և դրանց մի բաղադրիչը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների այս վերապատրաստումն է:

Դասընթացը (12 ժամ լսարանային աշխատանք և 18 ժամ անհատական աշխատանք /1 ECTS Credit/) անցնում է հետաքրքիր, գործընկերային մթնոլորտում՝ մասնակիցներին և դասընթացավարին տալով մտորելու և ստեղծագործելու նոր լիցքեր:

Սիլվա Պետրոսյանը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին փոխանցում է նորագույն, ինչպես նաև ՏՀՏ-ներով հագեցած ուսումնառության մեթոդների վերաբերյալ իր փորձառությունն ու գիտելիքը՝ կիրառելով նաև Բարսելոնայի և Լյուվենի համալսարաններում վերապատրաստվելու ընթացքում ձեռք բերված նոր մոտեցումները։ Դասընթացի ժամանակ քննարկվում են և՛ առցանց ուսուցման հնարավորությունները, և՛ լսարանում կիրառվող ակտիվ ուսումնառության տեխնոլոգիաներ: Մասնավորապես դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ակտիվ ուսումնառության ու ՏՀՏ-ների կիրառման նորագույն կրթական ռազմավարությունները, հնարավորությունները, մեթոդաբանությունը և մոտեցումները։

Առցանց հանդիպումների ընթացքում սովորական են դարձել համաժամանակյա քվեարկությունները՝ տարբեր ինտերնետային հարթակների օգտագործմամբ (polleverywhere, slido, mentimeter)։ Ուսումնասիրվել են ինֆոգրաֆիկաներ պատրաստելու  կայքեր (Canva.com, ThingLink.com),  և  մասնակից դասախոսները ստեղծել ու ցուցադրել են սեփական ինֆոգրաֆիկաները՝ ելնելով իրենց դասավանդած  առարկաների առանձնահատկություններից: Ներկայացվել են ակտիվ ուսումնառության մի շարք մեթոդներ (խճանկար, ֆորում-թատրոն), անցկացվել ու վերլուծվել են դերային խաղեր։

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ուսումնական նպատակներով խաղայնացման տարրերին, մեխանիկային ու դինամիկային, որոնց իմացությունը կարևոր է սեփական խաղայնացված միավորներ մշակելու հմտության զարգացման տեսանկյունից: Դասախոսները կվերլուծեն, թե իրենց դասընթացների, բնագավառների և պայմանների առանձնահատկություններից ելնելով՝ առաջարկվող մեթոդներից որը լավագույնս կաշխատի իրենց լսարանում: Այնուհետև վերապատրաստողի կողմից առաջարկված սխեմայով կփորձեն որևէ դասընթացի կամ դրա մի հատվածի համար մշակել խաղայնացված ուսումնական միավոր, որը պետք է ծառայի ուսանողների կողմից կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:

Դասախոսներն ակտիվորեն ներգրավվել են վերապատրաստման գործընթացում՝ մասնակցելով հետաքրքիր խմբային աշխատանքների և մրցույթների՝ տարբեր ՏՀՏ միջոցների կիրառմամբ:

Դասընթացի վերջում՝ հուլիսի 15-ին, յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր մշակած խաղայնացված ուսուցողական միավորը՝ «պեչակուչա» ձևաչափով։

Վերապատրաստման դասընթացի մանրամասն ծրագիրը տե՛ս այստեղ:

Դասընթացի մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Մասնաճյուղում կայացավ 2020թ. «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը

a. 12. Գլխավոր 1

   2020թ. հուլիսի 4-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

 

Ելնելով ստեղծված պայմաններից՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել է 2 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով: Քննություններից մեկ օր առաջ ախտահանվել են քննական կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր ջերմաչափվել են, պահպանվել են պարետի բոլոր կարգադրությունները:

 

Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննությունն անցկացվեց 2 օր՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրեցին վիճակահանությամբ: Ըստ նախապես հրապարակված ընդունելության ծրագրի՝ «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 առարկայից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա:

 

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 10, իսկ  «Դիզայն» կրթական ծրագրով՝ 11 դիմորդ:

 

Գնահատման չափանիշները նույնպես նախօրոք հայտնի էին դիմորդներին։ Հանձնաժողովի անդամները գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումն ու նյութականության ստացումը և հորինվածքի եզրափակիչ մշակումը:

 

Կատարված աշխատանքները վկայում են դիմորդների պատրաստվածության մասին: Բոլորը դիմորդները կարողացան հաղթահարել առաջադրված շեմային պահանջները:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունվելու կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մեր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսումնատենչ ոգի, անկոտրում կամք և նպատակասլացություն:

Որքանո՞վ են գոհ մեր ուսանողները 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի առցանց ուսուցումից

PDCA. որակի լոգո

   Սիրով տեղեկացնում ենք մեր բոլոր շահակիցներին, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ «Որակի ապահովման գործընթացներ» բաժնում, տեղադրվել են մանսաճյուղի ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված ուսանողական առցանց հարցման (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների բավարարվածությունը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացված առցանց ուսուցումից) արդյունքները և դրանց վերլուծությունը:

Առցանց հարցմանն ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն. ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր մասնագիտությունների 1-3-րդ կուրսերի 371 ուսանողներից հարցմանը մասնակցել է 289 ուսանող (գրեթե 80%-ը):

Հարցումը նպատակ ուներ պարզելու ուսանողների բավարարվածությունը մասնաճյուղում իրականացված եռամսյա առցանց ուսուցումից (2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումից ի վեր), վերհանելու առաջացած խնդիրները և հավաքագրելու ուսանողների առաջարկները՝ հետագա բարելավման նպատակով:

Ուսանողների կարծիքներն ու առաջարկները ձևավորվել են հետևյալ հիմնահարցերի շուրջ՝ «Ուսանողների ներգրավվածությունը առցանց դասընթացներին և կիրառվող տեղեկատվական հարթակները», «Անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերումը», «Ուսումնական նյութերի աղբյուրները և ռեսուրսները», «Ընթացիկ ծանրաբեռնվածությունը և գնահատումը», «Քննությունների անցկացման ձևերը և ակադեմիական ազնվության պահպանումը»:

Ընդհանրացնելով հարցման արդյունքները՝ արձանագրվել է, որ մասնաճյուղում հաջողվել է արդյունավետ իրականացնել առցանց ուսուցում, ապահովել գիտելիքի և մասնագիտական կարողությունների փոխանցում, ուսանողի ձեռքբերումների գնահատում և այլն։ Հարցման մասնակիցների 42,4%-ը նշել է, որ ամբողջությամբ բավարարված է մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից, 42%-ը՝ բավարարված է մասամբ, իսկ 15,6%-ը բավարարված չէ։

Ուսանողները նշել են առցանց ուսուցման հետևյալ դրական կողմերը՝ արտակարգ իրավիճակում անհրաժեշտ կրթության ձեռքբերում, ժամանակի և ֆինանսների խնայողություն, անկախ գտնվելու վայրից՝ դասընթացներին մասնակցության ապահովում, ինքնուրույն սովորելու պատասխանատվության մեծացում, կազմակերպվածության և պարտաճանաչության ավելացում և այլն:

Առցանց ուսուցման խնդիրներից ուսանողներն առանձնացրել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի բացակայությունը կամ թույլ աշխատանքը, առողջական խնդիրները, որոնք առաջանում են համակարգչի առջև երկար նստելուց, առցանց ուսուցման դեպքում դասաժամերի տևողությունը, չափից շատ ծանրաբեռնվածությունը և իհարկե մարդկային շփման բացակայությունը:

Ուսանողները կատարել են առցանց ուսուցման կազմակերպմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Նրանք առաջարկում են նվազեցնել դասաժամերի տևողությունը և քանակը, ոչ մասնագիտական դասընթացների ծանրաբեռնվածությունը, փոխել քննությունների ձևերը և բոլոր դասընթացներն ավարտել ստուգարքով։ Դասախոսներից էլ պահանջում են հետևողականություն, որ դասերին ու քննություններին ուսանողները միացնեն իրենց տեսախցիկները:

Հարցման մասնակիցների 70%-ի կարծիքով՝ առցանց քննությունների ժամանակ հնարավոր չէ ապահովել ակադեմիական ազնվություն ուսանողների կողմից տեխնիկական տարբեր միջոցների կիրառման հետևանքով: Այստեղ դասախոսները բավականին աշխատանք ունեն կատարելու՝ ավելացնելու ընթացիկ առաջադրանքների քանակը՝ դրանք դարձնելով անհատական, վերանայելու դասավանդման և գնահատման մեթոդները, քննական տոմսերը՝ դրանցում ներառելով ոչ միայն ուսանողների գիտելիքները, այլ ավելի շատ վերլուծական մտքի և եզրահանգումներ կատարելու կարողությունները բացահայտող հարցեր և առաջադրանքներ:

ՄԿՈԱ բաժինն արդեն ավարտում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 100 ներկայացուցիչների շրջանում կազամակերպած նմանատիպ հարցումը, որի արդյունքների վերլուծությունը կհամադրվի ուսանողների կարծիքների հետ։ Դրանից հետո բաժինը առաջարկներ կմշակի առցանց կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Կայացավ կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց քննարկում

1. գլխավոր

  2020թ․ հունիսի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանի և ՄԿՈԱ բաժնի կողմից կազմակերպվեց կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց հանդիպում, որի նպատակն էր մասնակիցներին տրամադրել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման վերաբերյալ խորհրդատվություն:

Մասնաճյուղի գիտխորհուրդն իր ապրիլյան նիստում որոշում էր կայացրել առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դասընթացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք: Դրա նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները, զարգացնել մասնագիտական գրականությունից և տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, տվյալներ հավաքագրելու և վերլուծելու նրա հմտությունները, հետազոտելու և եզրակացություններ կատարելու կարողությունները, նպաստել նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Առցանց քննարկման ընթացքում Ա.Մակարյանը նախ ներկայացրեց հետազոտական բաղադրիչի ներդրման ուղղությամբ ամբիոններոմ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես նշվեց, որ ամբիոններում հանգամանորեն քննարկվել են հետազոտական աշխատանքների ներդրման հետ կապված խնդիրները, նշվել են հետազոտությունների հիմնական ուղղությունները, ընտրվել են մասնագիտական այն դասընթացները, որոնց խնդիրների շրջանակներում կիրականացվեն ուսանողների հետազոտությունները։ Սահմանված ժամկետներում ամբիոնները կազմել և ներկայացրել են նոր ուսումնական պլանները, ապա անցել են կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հետազոտական բաղադրիչից բխող պահանջներին համապատասխան սկսել են վերանայել կրթական ծրագրերի և ընտրված դասընթացների նպատակները, խնդիրները, կրթական վերջնարդյունքները։

Պարոն Մակարյանը ՄԿՈԱ բաժնին հանձնարարեց անհրաժեշտ նյութերով և խորհրդատվությամբ աջակցել կրթական ծրագրերի ղեկավարներին, խորհուրդ տվեց վերջնարդյունքների ձևակերպման համար ուղղորդվել Բլումի տաքսոնոմիայից բխող գործողությունների բայերով, ունենալ հստակ ձևակերպված վերջնարդյունքներ և մինչև հունիսի 30-ը ՄԿՈԱ բաժին ներկայացնել վերանայված կրթական ծրագրերը։

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց լինել հետևողական, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը հետազոտություն պարունակող դասընթացները վարող դասախոսները վերանայեն իրենց առարկայական պորտֆոլիոները, մասնավորապես՝ դասընթացի վերջնարդյունքները, դրանց համապատասխան ընթացակարգերը, հետազոտության թեմաները և առաջադրանքները, ինքնուրույն աշխատանքների շրջանակներում իրականացվող նախագծերը, կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, գրականության ցանկը և այլն։

Որոշվեց մինչև հունիսի 30-ը նորից հանդիպել, կազմակերպել բաց քննարկումներ, գործընկերներին աջակցության շրջանակներում ներկայացնել կատարված աշխատանքները և հաջող մոտեցումները։