«Մարդկանց մեծ մասը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը՝ տխրեցնում». Վիլյամ Շեքսպիր

shekspir-1-1024x1002

 Սիրով ձեզ ենք ներկայացնում մեծն Վիլյամ (Ուիլյամ) Շեքսպիրի ասույթներից. 

  1. Գեղեցիկը հարյուրապատիկ ավելի գեղեցիկ է, երբ պսակված է թանկագին ճշմարտությամբ:
  2. Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել նրան, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
  3. Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնի:
  4. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդեսերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
  5. Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
  6. Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
  7. Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
  8. Ներմամբ մի եղեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
  9. Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
  10. Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ:
  11. Մեղրն այնքան քաղցր է, որ վերջում դառն է թվում։ Համի ավելցուկը սպանում է համը:
  12. Մենք նյարդայնանումենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով:
  13. Մայր բնությունը իմաստուն է, սակայն որդին է անխելք:
  14. Որտեղ քիչ են խոսքերը, այնտեղ դրանց կշիռն ավելի մեծ է:
  15. Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց, սերը նրանց վզովն է ընկնում:
  16. Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները: Այնպես որ ընտրիր քեզ ընկերներ:
  17. Դժոխքը դատարկ է: Բոլոր սատանաներն այստեղ են:
  18. Մարդկանց մեծ մասը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը՝ տխրեցնում:
  19. Տղամարդիկ նման են ապրիլին, երբ սեր են տածում, և դեկտեմբերին՝ երբ ամուսնացած են:
  20. Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը:
  21. Թշնամիների համար շատ ուժգին մի վառեք վառարանը, այլապես կայրվեք փայտի փոխարեն:
  22. Սուր խոսքի հաջողությունը ավելի շատ կախված է լսողից, քան այն ասողից:
  23. Ի՞նչ է նշանակում անունը: Վարդը բուրում է ինչպես վարդ՝ուզում ես վարդ անվանի, ուզում ես՝ ոչ:
  24. Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը:
  25. Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, բայց սիրել՝ միայն հոգին:
  26. Ագռավն իր թևերը կցեխոտի: Ոչ ոք ոչինչ էլ չի նկատի: Իսկ կարապը, չնայած բոլոր ջանքերին, ճերմակից չի կարող մաքրել բծերը:
  27. Մեկ հայացքով կարելի է սպանել սերը, մեկ հայացքով էլ՝ հարություն տալ:
  28. Վախկոտը մեռնում է իրեն հասած ամեն վտանգից, իսկ խիզախը մեռնում է միայն մեկ անգամ:
  29. Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան:
  30. Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները:
  31. Այս աշխարհում չկա ոչ լավ և ոչ էլ վատ: Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին:
  32. Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է:
  33. Փոթորկի ժամանակ տրված երդումները մոռացվում են խաղաղ եղանակին:
  34. Ուրիշների մեղքերն այնքան ջանասիրաբար եք ձգտում դատել: Սկսեք սեփական մեղքից և ուրիշներին չեք էլ հասցնի հասնել:
  35. Ծերերը երկրորդ անգամ են երեխա դառնում:
  36. Սիրիր բոլորին, վստահիր քչերին, վատություն մի՛ արա ոչ մեկի:
  37. Հիմար մարդը կարծում է, որ խելացի է, իսկ խելացին՝ որ հիմար է:
  38. Մեր ճակատագիրն աստղերի ձեռքում չէ, այլ մեր:
  39. Մենք գիտենք, թե ով ենք մենք, բայցչգիտենք, թե ինչ կարող ենք դառնալ:
  40. Ոմանք ծնվում են հանճարեղ, ոմանք դառնում են հանճարեղ, իսկ ոմանց էլ դարձնում են հանճարեղ:
  41. Շատ մարդիկ չգիտեն իրենց հարստության արժեքը:
  42. Անգիտությունն Աստծո անեծքն է, իսկ գիտությունը՝ թևերը, որի միջոցով թռչում ենք դրախտ:
  43. Ավելի լավ է 3 ժամ շուտ, քան 1 րոպե ուշ:
  44. Լսիր շատերին, խոսիր քչերի հետ:
  45. Մերխաղաղությունը պետք է կանգուն լինի քարոտ լեռների պես:
  46. Աստված քեզ ընդամենը մեկ դեմք է տվել, իսկ դու ստեղծում ես երկրորդը:
  47. Երբ ծնվում ենք, լաց ենք լինում, քանի որգալիս ենք հիմարներով լի այս մեծ բեմ:
  48. Տղամարդկանց երդումները կանանց թուլություններն են:
  49. Համապատասխանեցրու արարքներդ ասածիդ հետ, իսկ ասածդ՝ արարքներիդ:
  50. Շատ ունեցիր, քիչ ցույց տուր,

Շատ իմացիր, քիչ խոսիր,

Ինչ որ ունես, մի ցրիր,

Շատ ձի նստիր, քիչ քայլիր,

Քիչ հավատա, շատ լսիր,

Շատ վաստակիր, քիչ վատնիր:

 

«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան…». Դերենիկ Դեմիրճյան

rus136117353975

 Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ …Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա… մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ …Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն հայ նշանակում է տեր… 

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկրով… Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ …Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում աղոթելու, աղոթք չի անում առօրյա կյանքում, … բայց այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ …Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:… 

Խենթ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ …Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ …Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է… Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ 

Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։

…Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և չխրատվեց։

…Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ …Չի՛ ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

…Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված… դա այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից, – ասում է նա իր նեղիչներին, – ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։

 

Դերենիկ Դեմիրճյան, «Հայը» ակնարկը (կրճատումներով, որոշ փոփոխություններով)

 

«Սերը ուժ է, որովհետև բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, որը մենք ենք. սա մարդկությանը թույլ չի տալիս ընկղմվել կույր եսասիրության մեջ». Ալբերտ Էյնշտեյն

        Ալբերտ Էյնշտեյն

Սիրով ձեզ ենք ներկայացնում Ալբերտ Էյնշտեյնի (Այնշտայնի) նամակը դստերը. 

«Երբ ես առաջարկեցի Հարաբերականության տեսությունը, շատ քչերն ինձ հասկացան, և այն, ինչ ես հիմա ասելու եմ քեզ մարդկությանը փոխանցելու համար` նույնպես բախվելու է աշխարհի թյուըմբռնման և նախապաշարմունքների հետ: Ես քեզ խնդրում եմ այս նամակը պահել այնքան, որքան անհրաժեշտ է` տարիներ, տասնամյակներ, քանի դեռ հասարակությունը չի զարգացել բավարար չափով, որպեսզի ընդունի իմ` ստորև բացատրածը:

Գոյություն ունի շատ հզոր Ուժ, որի պաշտոնական բացատրությունը առ այսօր գիտությունը չի տվել: Այդ Ուժն ինքն իր ներսում է և ուղղորդում է Տիեզերքում գործող մնացած մյուս երևույթները:

Այդ Համընդհանուր Ուժը ՍԵՐՆ է:

Երբ գիտնականները փնտրում են Տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռանում են ամենահզոր անտեսանելի ուժի մասին. Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ձգողություն է, որովհետև այն որոշ մարդկանց ստիպում է գրավել մյուսներին:

Սերը ուժ է, որովհետև բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, որը մենք ենք. սա մարդկությանը թույլ չի տալիս ընկղմվել կույր եսասիրության մեջ: Մենք, հանուն Սիրո, ապրում ենք ու մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է: Այս ուժը բացահայտում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս: Իսկ փոփոխությունը, որը մենք չափազանց երկար ժամանակ անտեսում ենք, հնարավոր է` այն պատճառով է, որ մենք վախենում ենք Սիրուց:

Ես սերը հասկանալու համար պարզ փոփոխություն եմ կատարել իմ ամենահայտնի հավասարման մեջ: Եթե Е = mc-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ սիրո միջոցով բազմապատկած լույսի արագության քառակուսի, մենք կգանք եզրահանգման, որ սերը համարվում է ամենահզոր Ուժը, որովհետև այն սահմաններ չունի:

Մենք միայն Սիրո միջոցով կարող ենք կյանքի մեջ իմաստ գտնել, պահպանել աշխարհը, ամեն մի գիտակից կամ զգացող արարածի և օգնել, որ մեր քաղաքակրթությունն ապրի: Հնարավոր է, որ մենք դեռևս պատրաստ չենք «սիրո ռումբ»-ի նման հզոր սարք ունենալու, որն ամբողջովին կվերացնի ատելությունը, եսասիրությունը և ագահությունը, այն ամենը, ինչը քայքայում է մեր մոլորակը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր ներսում ունի թեև փոքր, բայց սիրո, էներգիայի հզոր գեներատոր, որը սպասում է, որպեսզի արձակեն իրեն:
Սիրելի Lieserl, երբ մենք սովորում ենք տալ և ստանալ տիեզերքի այդ էներգիան, հաստատում ենք, որ սերը նվաճում է և, որ այն ի զորու է հաղթահարել ամեն ինչ, քանզի սերը կյանքի բուն էությունն է:

Ես խորապես ցավում եմ, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչն իմ սրտում է և, ինչը քեզ համար կամացուկ բաբախում է ամբողջ կյանքում: Միգուցե չափազանց ուշ է ներողության համար, բայց ժամանակը հարաբերական է:
Ես պարտավոր եմ ասել, որ սիրում եմ քեզ և, որ քո շնորհիվ ես ունեմ վերջնական պատասխան:

Քո հայր` Ալբերտ Էյնշտեյն»:        

 

«Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը…». Լեոնիդ Ենգիբարյան

Leonid-Engibaryan-1132x670

 Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։

Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։

Կաղամախու արմատների կողքից կհավաքեմ մամուռի սև-կանաչավուն ճյուղիկներն ու զգուշությամբ կընկղմեմ ջրի մեջ. դրանք կլինեն քո թարթիչներն ու հոնքերը:

Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը: Քիչ մնաց մոռանայի. դեմքդ աշխուժացնելու համար ինչ-որ տաք նրբերանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ: Այդպես ավելի լավ է:

Այնուհետև ես կվերցնեմ մաքուր փոքրիկ մի քար և զգուշորեն կգցեմ շրջանակի վերին անկյունը, ջրի վրա հազիվ նկատելի ալիքներ կառաջանան. դա կլինի քո ժպիտը:

Դիմանկարը գրեթե պատրաստ է:

Նաև անտառային թռչունների ծլվլոց կավելացնեմ մի քիչ, իսկ անկյուններում կքաշեմ աշնանային անտառի սարդոստայնի մի քանի թել. դա դիմանկարին հին տեսք կտա…

Լճակը կլքեմ միայն ուշ աշնանը, երբ դիմանկարդ կպատվի սառցե նուրբ ապակիով. այդ ժամանակ հանգիստ շունչ կքաշեմ:

Գարնանը անտառ կգաս ձնծաղիկ հավաքելու և քեզ կտեսնես լճում: Չզարմանաս ու չասես. «Ո՞վ է սա արել»:

Այդ ես եմ արել: Հիմա քեզ համար ամեն ինչ հասկանալի՞ է:

 

Լեոնիդ Ենգիբարյան «Քո դեմքը»

 

«Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է». Վիկտոր Հյուգո

22695

 Սիրով ձեզ ենք ներկայացնում անվանի գրող Վիկտոր Հյուգոյի ասույթներից.

  1. Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է:
  2. Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում:
  3. Կարիքը ծնում է հոգու և մտքի հզորություն:
  4. Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբումն է, մեկնելը նշանակում է մեռնել:
  5. Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:
  6. Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:
  7. Մարդու սպանածին Աստված հարություն է տալիս:
  8. Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցնաքները ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է:
  9. Ամեն մի սուր երկսայր է. ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով:
  10. Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը:
  11. Ամենագեղեցիկ տաճարը Աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:
  12. Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով:
  13. Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը: Գուցե ավելի:
  14. Երբեք չվախենաք ո՛չ գողերից, ո՛չ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կաևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:
  15. Այն ամենը, ինչ ասում են մարդկանց մասին, լինեն դրանք ճիշտ կամ սուտ, նույնքան տեղ են գրավում նրանց կյանքում, որքան նրանց արարքները։
  16. Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել: Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգհաճույքներ կպատճառի:
  17. Օգտագործեք ձեր ես-ը, քանի նրա տերն եք:
  18. Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես: Ես ուտում եմ: Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ:
  19. Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
  20. Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդկանց, իսկ օրենքը այն ծախում է:
  21. Երբեմն ամենամիամիտը ամենախելացին է:
  22. Բոլոր կենդանիներն էլ կան մարդու մեջ, և դրանցից յուրաքանչյուրը մի մարդու մեջ է: Երբեմն նույնիսկ դրանցից մի քանիսը միաժամանակ գտնվում են մի մարդու մեջ: Կենդանիներն այլ բան չեն, եթե ոչ մեր աչքերի առջև թափառող մեր առաքինությունների ու արատների պատկերները:
  23. Ես չեմ մեղադրում օրենքը, բայց օրհնում եմ Աստծուն:
  24. Բազմաթիվ մեծ արարքներ են գործվում փոքր պայքարների մեջ:
  25. Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել, ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:
  26. Մարդիկ ինչքան հնարամիտ պետք է լինեն, որ գերեզմանն էլ օգտագործեն սնափառության համար:
  27. Ճամփորդել՝ նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել: Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից: Նայում ես, շտապում, ձեռքերդ պարզում, որ բռնես այն՝ ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք  ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես:
  28. Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի:
  29. Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևում որևէ բան է տեղի ունենում:  
  30. Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչ մեջ գտնում է դա: 
  31. Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար: 
  32. Այսպես է ահա կյանքը, հաճախ մեր լավագույն բարեկամներն են անկման պատճառ դառնում: 
  33. Օ՜, սե՜րը: Դա նշանակում է լինել երկու, և միաժամանակ՝ մեկ: Մի տղամարդ և մի կին, որ միաձուլվում՝ դառնում են մեկ հրեշտակ: Երկինքն է դա:
  34. Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում: 
  35. Արա այն, ինչ ասում ես, և ասա այն, ինչ անում ես:
  36. Կնոջ շուրթերին «ոչ»-ը «այո»-ի ավագ եղբայրն է:
  37. Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ՝ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծի հանդեպ, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսի, որ դրել է վերջինը: