ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Շիրակ Արմենակի Գասպարյան

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Սովորել է տեղի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանեկան տարիներից նրա հետաքրքրությունների շրջանակում է եղել ֆուտբոլը, և ոչ միայն սիրել է այդ սպորտաձևը և լավագույն ֆուտբոլիստների հաջողությունների ու նետած գնդակների թվերն է իմացել, այլև զբաղվել է ֆուտբոլով և բազմաթիվ հաջողություններ գրանցելով` հնարավորություն է ձեռք բերել՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք ընկերական մի շարք խաղերի։

Դպրոցական տարիներին աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ և մեծ սեր է դրսևորել պատմության նկատմամբ։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Պատմություն» մասնագիտությամբ։

Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական։ Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում։ Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ։ Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու։ Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ։ Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել։ Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են։ Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում։ Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել։ Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել։

2021 թվականի ապրիլի 10-ին հետմահու արժանացել է Արիության մեդալի։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Վազգեն Հմայակի Գրիգորյան

(ոստիկանության մայոր)

Վազգեն Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 12-ին: Սովորել է Գանձաքարի 8-ամյա դպրոցում, այնուհետև Իջևանի Վարժարանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:

2005 թվականից աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում՝ որպես ավագ փորձագետ, կոչումով՝ մայոր:

Վ.Գրիգորյանը ամուսնացած է, ունի 1 տղա և 2 դուստր:

2021 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյանը զոհվել է Արցախյան պատերազմում՝ հանուն հայրենիքի փրկության:

Ստեղծագործություններ

Ուրիշ Աշխարհ

Այսօր իմ սենյակում աստղեր չկան,
Իմ սենյակում այսօր վարագույրները փակ են,
Եվ իմ կյանքի բեմում կեղծանուններ չկան,
Որովհետև բեմի հետևում ես մենակ եմ։

Եվ ուրեմն…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ
իմ արևը,
աստղերը,
Քո սերը,
ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։

Առանց աստղերի ես աշխարհում անհնար եմ,
Ինչպես առանց սիրո պոետի կյանքը դժվար է,
Երգս քեզ համար սիրելիս իսկզբանե բացասական է,
Դա երևի նրանից է որ ալկոհոլի չափը, մի քիչ շատ է.

Բայց միևնույն է…

Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ
իմ արևը,
աստղերը
ու սերը
ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։

Ուրիշ աշխարհ,
Ուրիշ աշխարհ…»