ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
Հիմնական
Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին
2018թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:
Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների, հոգևոր դասի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:
Քաղաքացիներն ու համալսարանականները շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
Հուշահամալիրի մոտ հայ ժողովրդին բազմակի տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ու օրհնանքը հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք:
________________________________________________________________________
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:
Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:
Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:
Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:
1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:
1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:
Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:
Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների…
Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը
2018թ. մայիսի 4-ին ավարտվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա ինտելեկտուալ խաղը, որը մեկնարկել էր մարտ ամսից:
Նախ յուրաքանչյուր ֆակուլտետում կայացել էին անհատական խաղեր, որոնց մասնակցել էին ավելի քան 50 ուսանողներ: Յուրաքանչյուր ֆակուլտետի՝ առավելագույն միավոր հավաքած մասնակիցներից ձևավորվել էին ֆակուլտետների հավաքական թիմեր, որոնք իրենց ուժերը ստուգեցին առաջնության եզրափակիչ խաղում:
Եզրափակիչ խաղին ներկա էին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը, ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, ՈՒԳԸ անդամներ, ուսանողներ:
Խաղն ընթացավ 2 փուլով: Առաջին փուլում թիմերին տրվեց 8 հարց. առավելագույն միավորներ հավաքեցին Հումանիտար գիտությունների և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը և անցան երկրորդ փուլ:
Երկրորդ փուլում տրվեց 6 հարց, և հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:
Մասնաճյուղի տնօրենության կողմից առաջնությունում հաղթած և 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր ու մրցանակներ:
Հաղթող թիմին տրվեց նաև 2013թ.-ից կիրառվող փոխանցիկ գավաթը:
Եզրափակիչ խաղին մասնակցած մյուս թիմերը ստացան շնորհակալագրեր և խրախուսական մրցանակներ:
Ամփոփվեց «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը
2018թ. ապրիլի 25-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը, որը կազմակերպել էր «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն:
Ծրագրի աջակիցներն էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը։ Ներգրավված էին Իջևանի և հարակից համայքների 50 երիտասարդներ, որոնց մեծ մասը մասնաճյուղի ուսանողներ և շրջանավարտներ էին:
Առաջին երկու օրերի ընթացքում (ապրիլի 25-26-ին) սեմինարի մասնակիցները սովորեցին ինչպես կազմել գրագետ և հաղթող CV:
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ դասըթնացի մասնակիցների հանդիպումը Զբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և զբաղվածության ծրագրերի իրականացման բաժնի պետ Անահիտ Ալիխանյանի հետ: Նա ներկայացրեց կենտրոնի աշխատանքը, ծրագրերը, գրանցվելու կարգը, մարզում առկա աշխատատեղերը, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև մասնակիցները ծանոթացան էլեկտրոնային նամակագրություն վարելու սկզբունքներին: ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստից ճիշտ օգտվելու նրբությունները, ուղեկցող և մոտիվացիոն նամակների կառուցվածքները: Երիտասարդները բաժանվեցին խմբերի և պատրաստեցին մոտիվացիոն նամակ՝ տրված հայտարարության համապատասխան:
Ապրիլի 30-ին տեղի ունեցան ծրագրի վերջին 2 սեմինարները:
Նախ՝ սեմինար վարեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Վիկտորյա Սիմոնյանը: Նա ներկայացրեց աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթները և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունները: Մասնակիցներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց սեմինարավարը տվեց սպառիչ պատասխաններ՝ բերելով օրինակներ դատական պրակտիկայից և միջազգային փորձից:
Վերջին սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը: Նա բացատրեց, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին: Սկզբում մասնակիցները թվարկեցին իրենց իմացած հարցազրույցի տեսակները, ապա սեմինարավարը ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի նրբությունները, խորհուրդներ տվեց հարցազրույցի նախապատրաստվելու համար, նշեց հարցազրույցների ժամանակ ամենից հաճախ հնչող հարցերը: Սեմինարի վերջում տեղի ունեցավ դերային խաղ. 3 մասնակիցներից բաղկացած խումբը հարցազրույց իրականացրեց մասնակիցներից մեկի հետ:
Դասընթացի փակումն իրականացրեց ծրագրի պատասխանատու, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ակտիվ մասնակցության համար, սեմինարավարներին, կազմակերպչական աշխատանքներին մասնակցած անձանց և մասնակիցներին հանձնեց հավաստագրեր ու «Գրագետ ռեզյումե կազմելու և աշխատանքի ընդունման հարցազրույցին պատշաճ ներկայանալու» ուղեցույցներ։
Հայաստանյան ընկերությունների կողմից անցկացվող ինթերնշիփային ծրագրերը
StaffBlog-ի այս նախագծի նպատակն է բոլոր մոտիվացված երիտասարդներին և ուսանողներին լիարժեք տեղեկատվություն տրամադրել տարբեր ոլորտներում առաջատար ընկերությունների ինթերնշիփային ծրագրերի մասին։ Ստորև ուրախ ենք ներկայացնել Synergy International Systems ընկերության ինթերնշիփային ծրագիրը։

ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ավելի քան 150 աշխատակից ունեցող ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից Synergy Armenia ընկերությունը 1999թ․-ից լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական և վերլուծական համակարգերի ստեղծման մեջ, որոնք նպաստում են ավելի քան 65 երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությանը՝ դարձնելով վերջիններիս արդյունքներն առավել թափանցիկ, իսկ մարդկանց կյանքը՝ առավել բարեկեցիկ։
Բացի այն, որ Synergy Armenia-ն իր գործունեությամբ նպաստել է Հայաստանի համար այսչափ կարևոր ոլորտի զարգացմանը, այն նաև մեծ ներդրում ունի նոր մասնագետների պատրաստման գործում: Այդ է փաստում ընկերության ամառային դպրոցը, որի շնորհիվ 2005 թվականից ի վեր կրթվում են համալսարանականները։ Ամառային դպրոցն անցկացվում է անվճար հիմունքներով։ Երկամսյա դասընթացները հրաշալի հնարավորություն են ընձեռում տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին՝ ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ հետևյալ առարկաներից՝ MS SQL, Java, HTML/CSS, JavaScript,սովորել փորձառու մասնագետներից, խելացի ուսանողների կողքին, շատ ջերմ և ընկերական մթնոլորտում։
Ընկերության կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ համարվում է այն, որ ընկերության ավագ սերնդի ներկայացուցիչները սիրով կիսվում են իրենց փորձով ավելի երիտասարդ ներկայացուցիչների հետ՝ օգնելով նրանց զարգացնել իրենց գիտելիքները։ Այստեղ աշխատակիցները նվիրված են իրենց աշխատանքին և իսկապես սիրում են այն, ինչ անում են:
Անվճար ուսուցում,
Երկամսյա դասընթաց,
Վարպետաց դասեր այլ մասնագետների հետ,
Ամառային դասընթացի ավարտին հեքեթոնին մասնակցության հնարավորություն,
Դասընթացների ժամանակ ժամանցային խաղերից օգտվելու հնարավորություն՝ սեղանի թենիս, football, play station։
ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Դիսկրետ մաթեմատիկա,
Բուլյան հանրահաշիվ,
Կոմբինատորիկա,
Հավանականության տեսություն,
Ծրագրավորման որևէ լեզվի տարրական իմացություն։
ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆԹԵՐՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Մրցույթի միջոցով, որին կարող են դիմել պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Մշտապես բաց հավաքագրման միջոցով, պարզապես անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը ընկերության կողմից դիտարկվելու համար։
Համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների միջոցով։
ԻՆԹԵՐՆՇԻՓԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԻ ՏՈԿՈՍՆ Է ԱՆՑՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ



Ամառային դպրոցի հայտերն արդեն ընդունվուն են։ Կարող եք լրացնել այստեղ։
Դասընթացների տևողություն՝ Հուլիս-Օգոստոս
Դասերի ժամացուցակը՝ 9։00-13։00 բոլոր աշխատանքային օրերին։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած թեկնածուները սեպտեմբերին կարող են ստանալ հիմնական աշխատանքի առաջարկ և միանալ տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ընկերության՝ Synergy-ի #tech թիմին։
Ի դեպ, ապրիլի 16-20-ը Synergy-ն մեկնարկում է իր ամենամյա ուսանողական շաբաթ ծրագիրը։ Մասնակից դարձեք այս կարևոր միջոցառմանը՝ ծանոթանալու տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին և ժամանակակից միտումներին։