Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների

1. գլխավոր

2021թ. փետրվարի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված պատերազմում զոհված հայորդիների սուրբ հիշատակին:

 

Միջոցառումը կազմակերպվել էր Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Քրիստինե Մխիթարյանի և «Դիզայն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համատեղ ջանքերով:

 

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

 

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջ հերոսների հիշատակը, ապա ներկայացրին պատերազմից հերոսական դրվագներ, խոսեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ պատերազմին մասնակցության մասին։ Ներկաներն իրենց հիշատակի խոսքում առանձնացրին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ, հայրենիքի համար նահատակված Հովհաննես Չոբանյանին և Հակոբ Մելիքսեթյանին:

 

Մասնավորապես նշվեց, որ Հովհաննես Չոբանյանը ծնվել է 1997թ․ հուլիսի 17-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Սովորել և ավարտել է Հովհաննես Հինդիլյանի անվան միջնակարգ դպրոցը: 2015-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ: Նա տաղանդավոր նկարիչ էր, լավագույններից մեկը և՛ ուսման մեջ, և՛ շրջապատում:

 

2019 թվականին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմի թեժ մարտերին: Բազմիցս աչքի է ընկել մարտական առաջադրանքների կատարման ընթացքում: Հերոսաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Որոտանի (Կուբաթլու) համար մղվող մարտերի ժամանակ:

 

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ 2018 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

 

Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ Մարտունի-2 զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ: Անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում: Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Զինված ուժեր» կրծքանշաններով:

 

Միջոցառման վերջում, ի հիշատակ հազարավոր հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ

Ընդուն. նկար

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:

 

Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն: Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

 

Գալիք՝ 2021-22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան:

 

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ:

 

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ:

 

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները:

 

Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն: Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ:

 

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2021-2022 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամ»-ն ընդունում է 2021թ. հետազոտական թեմաների հայտեր

Հայտ. նկար

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամ»-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամ»-ի կողմից մեկնարկել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:

 

Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

 

  • Ուսանողների համար՝ https://msrf.aua.am/students/ (դիմումների ընդունմանվերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 10),
  • Հետազոտողների համար՝ https://msrf.aua.am/researchers/ (դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 19):

Աղբյուրը՝ http://scs.am/:

«Անվտանգության արդի հիմնախնդիրները» գիտաժողովին մասնակցելու հրավեր

Գիտաժ. հայտ. նկար

2021թ. մարտի 26-ին Եվրոպական համալսարանում տեղի կունենա «Անվտանգության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով, որին հրավիրվում են մասնակցելու բուհերի, գիտահետազոտական կենտրոնների և այն գերատեսչությունների գիտնականները, ասպիրանտները, հետազոտողները, մագիստրանտները և ուսանողները, ովքեր մտահոգված են 21-րդ դարում անընդհատ ահագնացող հիմնախնդրով՝ կապված մարդու և հասարակության ավտանգության հետ:

 

Վերջին տասնամյակների ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը, թվում է, մարդու կյանքը դարձրել է բարեկեցիկ, սակայն ավելի են խորացել վտանգներն ու ռիսկերը, որոնք մշտապես ուղեկցում են մեզ: Գիտաժողովի նպատակն է վերլուծել և գնահատել ժամանակակից կյանքում մարդուն սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը, գտնել դրանց մեղմացման ուղիները, միջոցներն ու մեխանիզմները:

 

«Անվտանգության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը նախատեսում է մասնագետների լայն շրջանակ հետևյալ ուղղություններով.

 

  1. Պետության անվտանգություն,
  2. Քաղաքական անվտանգություն,
  3. Տնտեսական անվտանգություն,
  4. Սոցիալական անվտանգություն,
  5. Առողջապահական անվտանգություն,
  6. Մշակութային անվտանգություն,
  7. Բնապահպանական անվտանգություն,
  8. Քաղաքաշինական անվտանգություն,
  9. Ճարտարապետական անվտանգություն,
  10. Տեղեկատվական անվտանգություն:

Գիտաժողովը կկայանա մարտի 26-ին, Եվրոպական համալսարանում, Դ.Անհաղթի 10 հասցեով (հեռ +374 10 2400 38, +374 93 114359):

 

Գիտաժողովին ներկայացված հոդվածները կհրապարակվեն որպես գիտաժողովի նյութեր:

 

Գրանցման հայտաթերթիկն անհրաժեշտ է ուղարկել g.manasyan@eua.am, l.petrosyan@eua.am էլ.հասցեներով մինչև սույն թվականի մարտի 5-ը, իսկ գիտական հոդվածը՝ մինչև մարտի 19-ը:

 

Հայտաթերթիկը կարող եք ներբեռնել այստեղ:

 

Հոդվածների պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՆԳՈՒՅՑԻ (ՀԱԲ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ԻՄ-ում աշխատանքի հայտ. նկար

Աշխատանքի նկարագրություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում մինչև 29 տարեկան իգական սեռի ներկայացուցչի՝ Նորարարական Գիտելիքի Հանգույցի (ՀԱԲ) աշխատանքները համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար:

 

Աշխատանքային պարտականություններ.

  • կազմակերպել և համակարգել ՀԱԲ-ի աշխատանքները,
  • համակարգել իրականացվելիք դասընթացները և դրանց կազմակերպչական աշխատանքները,
  • կազմել ՀԱԲ-ի գործունեության աշխատանքային պլան և հետևել դրանով նախատեսված գործողությունների իրականացմանը սահմանված ժամկետում,
  • իրականացնել ՀԱԲ-ի փաստաթղթաշրջանառությունը,
  • կազմակերպել ՀԱԲ-ի զարգացմանը միտված տարատեսակ միջոցառումներ,
  • կապեր հաստատել գործընկեր կազմակերպությունների և հանրապետությունում գործող այլ ՀԱԲ-երի հետ,
  • ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, հանդիպումների կազմակերպման, բանակցությունների վարման, համաձայնագրերի նախագծերի պատրաստման, ընթացիկ նամակագրության ապահովման աշխատանքները։

Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ.

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (նախընտրելի է հասարակական աշխատանքի ոլորտում),
  • թիմում աշխատելու կարողություն,
  • սահմանված ժամկետները պահպանելու ունակություն,
  • ժամանակի կառավարման հմտություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման կանոնների իմացություն,
  • MS office ծրագրային փաթեթի իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • օտար լեզուների իմացություն:

Լրացուցիչ տեղեկություն

Դիմել կարելի է մինչև ս.թ. մարտի 5-ը ijevan@ysu.am էլեկտրոնային հասցեին Ձեր համառոտ ինքնակենսագրությունը (CV) ուղարկելու միջոցով՝ վերնագրում նշելով՝ «Համակարգող»: Նշված ժամկետից ուշ կամ առանց վերնագրի ուղարկված նամակները չեն դիտարկվելու:

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: