ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
Հիմնական
Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
2017թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը՝ նրա անդամ, ակումբի Տնտեսագիտության ֆակուլտետի համակարգող Սոսե Խաչատրյանի պատասխանատվությամբ:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ուսանողներ:
ՀՀ և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը համալսարանականների համար բարեպատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու Մոնթեի խոշոր ավանդը Արցախի ազատագրման գործում, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելու Ազգային հերոսի սուրբ հիշատակին, մատաղ սերնդի հիշողության մեջ վառ պահելու նրա անմահ կերպարը:
Հայրենասիրական միջոցառումը սկսվեց մարտիկի աղոթքով:
Այնուհետև տրվեցին Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ կենսագրական փաստեր, կրթությունը, մարտական ուղին, սերը, սպանությունը, ճանաչումը:
Ջերմ ու անմիջական շնչով ներկայացվեց Մոնթեի ու Սեդայի մեծ, ջինջ ու մաքուր սիրո պատմությունը:
Հնչեցվեցին հերոսի թևավոր մտքերն ու արտահայտությունները, իր մասին մեծանուն գործիչների և հայրենանվեր անձանց խոսքերը:
Միջոցառման ընթացքում արտասանվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամ Սոսե Խաչատրյանի գրած բանաստեղծությունը` նվիրված Մոնթեի հիշատակին.
Արցախ աշխարհում կռիվ է եղել,
Ավեր է եղել, արյուն է թափվել,
Ու կռվի դաշտում ահեղ գոչյունով
Ակա՜ն է պայթել. Մոնթե՜ն է զոհվել:
Ու նրա հոգին, ինչպես վեհ արծիվ,
Ճախրել է ամպեր, հասել երկնքին,
Երկար տարիներ, ինչպես հրեշտակ,
Պաշտպան է դարձել Հայոց աշխարհին:
Դու մեր սրտում ես, Մոնթե՜ Մելքոնյան,
Կհիշենք մենք քեզ ընդմիշտ, հավիտյան:
Միջոցառման ընթացքում կատարվեցին ազգային-հայրենասիրական երգեր:
Վերջում ցուցադրվեց Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ֆիլմ:
Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին
2017թ. նոյեմբերի 21-22-ին «Գիտենալու իրավունք» ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում կայացավ ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին և սպասվող հեռանկարներին նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Ուրբան» և “Friedrich Ebert Stiftung” հիմնադրամների կողմից:
Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ մարզային բուհերի ուսանողներ և երիտասարդ դասախոսներ՝ Շիրակի պետական մանկավարժական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գորիսի պետական համալսարանից:
ԵՊՀ ԻՄ-ից համաժողովին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանը՝ ներկայացնելով «ԵԱՏՄ ինտեգրման ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական բնութագրիչների վրա» թեմայով զեկուցում:
«Գիտենալու իրավունք» ծրագիրը բաղկացած էր երեք փուլից:
Առաջին փուլում ծրագրի ներկայացուցիչներն այցելել էին մարզեր, ներկայացրել ծրագիրը բուհերում (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում) և հետաքրքրված անձանց հրավիրել մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին՝ ամառային դպրոցին:
Երրորդ փուլում նախատեսված էր ԵՊՀ-ում անցկացնել կոնֆերանս, որի ընթացքում մասնակիցները, ամառային դպրոցի դասախոսներից ստանալով խորհրդատվական աջակցություն, ներկայացրին դպրոցում քննարկված և իրենց հետաքրքրող թեմաներով գիտական զեկուցումներ:
Կոնֆերանսի կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակներն ու խնդիրները, ընդհանուր գծերով անդրադարձան ՀՀ քաղաքական ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, հարցին առնչվող հիմնական դիտարկումներին, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին:
Այնուհետև կոնֆերանսի մասնակիցները ներկայացրին ՀՀ հարևան երկրների, Եվրամիության և ԵԱՏՄ հետ համագործացության պատմությունը, նախատեսվող և կորսված տնտեսական և քաղաքական հնարավորությունները, Արևելքի և Արևմուտքի քաղաքատնտեսական և մշակութային արժեքները, օտարերկյա ԶԼՄ-ների քարոզչության դեմ պայքարի ուղղությունները, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները:
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, բանավեճեր, որոնց ընթացքում հնչած հետաքրքիր կարծիքները հիմք տվեցին նոր տեսակետների ձևավորման համար:
Վերջում ծրագրի կազմակերպիչները մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր՝ ակնկալելով իրենց կողմից կազմակերպվելիք մարզային ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը:
Կայացավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառումը
2017թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին՝ դրամի պատմությանը, բանկային աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ ի դեմս ֆակուլտետային խորհրդի նախագահ Հասմիկ Քարտաշյանի և օգնական Արփինե Վերանյանի:
Միջոցառմանը մասնակցում էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ:
Մասնակիցները ներկայացրին հայկական դրամի պատմությունը, ինչպես նաև նրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հոլովակ, որում ներկայացվում էր դրամի ստեղծման գործընթացը։
Ցուցադրվեցին նաև ներդրումային դրամներ և հուշադրամներ։
Ներկայացվեցին այն արտասահմանյան դրամահատարանները, որոնց հետ համագործակցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ
2017թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության III կուրսի ուսանողները՝ նույն ամբիոնի դասախոսներ Ա.Շիրխանյանի և Գ.Մինասյանի գլխավորությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:
Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ-ի տնտեսական հետազոտությունների վարչության պետ Արմեն Նուրբեկյանին, ով ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ՀՀ կենտրոնական բանկի դերը, գործառույթները, կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է:
Անդրադառնալով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրներին և իրականացվող գործառույթներին՝ Ա.Նուրբեկյանը ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:
Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը, թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով դրանց պատմամշակութային արժեքը, ԿԲ-ի՝ տարբեր միջազգային մրցույթներում շահած մրցանակները:
Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողներն իմացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ամրապնդեցին իրենց գիտելիքները: