Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր - IMG_66392021թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային երկու և ընթացիկ հինգ հարցեր:

Առաջին հարցի՝ դասալսումների արդյունքների վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ ամբիոնների վարիչների կողմից իրականացվող և դասախոսների փոխադարձ դասալսումներն անցկացվում են ըստ գործող ժամանակացույցների: Կան դասալսումների օրերի որոշ փոփոխություններ՝ կապված նոյեմբերի 2-16-ը ժամանակահատվածում ուսումնական պարապմունքներն առցանց իրականացնելու հետ: Մի քանի ամբիոնների վարիչներ, նպատակահարմար համարելով դասալսումներն իրականացնել տեղում՝ առկա եղանակով, առաջարկել և հետաձգել են տվյալ ժամանակահատվածում նախատեսված որոշ դասալսումների օրեր: Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչների և դասախոսների փոխադարձ դասալսումներն իրականացվեն՝ ըստ հաստատված ժամանակացույցների, լրացվեն դասալսման գրանցամատյանները, դասի գնահատման հարցաթերթիկները և դասալսման արդյունքների վերլուծության ձևաչափերը, կազմակերպվեն քննարկումներ ամբիոնների նիստերի ժամանակ:

Որոշվեց՝ դասալսումների արդյունքների մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝  ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մելանյա Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. նախահաշվի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանձնարարվել էր բոլոր բաժիններին ԵՊՀ ԻՄ-ի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին ու հաշվապահություն ներկայացնել, թե տարվա կտրվածքով ինչ է անհրաժեշտ իրենց բաժիններին:

Վճարների մուծման դինամիկայի հետ կապված՝ զեկուցողը ներկայացրեց, որ ս.թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բակալավրի վճարովի առկա ուսուցման համակարգի 420 ուսանող պետք է մուծեր 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վճարի 75%-ը (58.5 միլիոն ՀՀ դրամ), սակայն մուծել է դեռևս 44.5 միլիոն (14 միլիոն պակաս) ՀՀ դրամ: Բակալավրի հեռակա ուսուցման համակարգի դրական ստացած 113 ուսանողներից 110-ը մուծել է ուսման վճարը և հրամանագրվել որպես ուսանող: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսի բոլոր 14 ուսանողներն էլ մուծել են ուսման վճարը և հրամանագրվել: Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ուսման վճարների մուծման գործընթացը դանդաղ է: Ունենք նաև առկա ուսուցման համակարգի ուսանողներ, ովքեր դարձյալ չեն մուծել ուսման վճարը:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Մարիետա Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման  հանձնաժողովը ս.թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդյունավետ աշխատել է փաստաթղթի մշակման վրա: Մշակվող ՌԾ-ում որպես նպատակ ներկայացված են զարգացման 3 ուղղություններ՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում: Հանձնաժողովն աշխատել է 3 խմբերով, պարբերաբար կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում  վերջնական ձևավորվել են յուրաքանչյուր նպատակի իրականացման համար անհրաժեշտ խնդիրները, այդ խնդիրների իրականացման համար մշակվել են գործողություններ և վերջնարդյունքի գնահատաման ցուցիչներ: Այժմ հիմնականում իրականացվում են խմբագրման և ցուցիչների հստակեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթվա ընթացքում 1-ին և 3-րդ խմբերը կշարունակեն խմբագրման աշխատանքները, որից հետո հանձնաժողովը կաշխատի միասնական կազմով, և ծրագիրը կբերվի վերջնական տեսքի: Ապա մինչև դեկտեմբերի 20-ը հանձնաժողովը կկազմի նաև ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքի և արդյունքների մասին զեկուցեց վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը: Նա նշեց, որ 2021թ. ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ը, ներկայացնելով հայտադիմումի փաթեթ, հաղթել է և հնարավորություն ստացել իրականացնելու Տավուշի մարզի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները բոլոր բաղադրիչներով հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, տեխնոլոգիա և ՆԶՊ առարկաների համար: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Վերապատրաստումն իրականացվել է առկա և առցանց, ինչպես նաև համակցված մեթոդով (2 ձևերի համադրմամբ), 110 ժամ տևողությամբ: Մասնակիցների ընտրությունը կատարվել է կարգին համապատասխան՝ վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ՝ ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում: Դասընթացներին մասնակցել է 75 ուսուցիչ:

Դասընթացի առցանց իրականացման պայմանների առկայությունը և համապատասխանությունը ծրագրի իրականացման պահանջներին պահպանված էին: Հաղորդակցումը և համագործակցությունը գերազանց էր: Ուսուցիչների մոտիվացիան բավարար էր: Ծրագրված աշխատանքն իրականացվել է բարձր մակարդակով: Լսարանում կարևորվել է ոչ միայն կարգ ու կանոնը, այլև խրախուսվել է դասընթացին վերապատրաստվողների ակտիվ մասնակցությունը, կառուցողականությունը, համագործակցությունը և հանդուրժողականությունը:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգի նախագծի վերաբերյալ զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Նաթելլա Գրիգորյանը: Նիստում առաջարկվեց նախագիծն ուղարկել ոչ միայն տնօրենության անդամներին, այլև համապատասխան ստորաբաժանումներին և կրթական ծրագրերի ղեկավարներին՝ նրանց կողմից դիտարկումներ ու առաջարկություններ ստանալու և լրամշակման ընթացքում դրանք կարգում ընդգրկելու նպատակով:

Ընթացիկ չորրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրայի դասապրոցեսի ընթացքի մասին զեկուցեց հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են ս.թ. նոյեմբերի 15-ից և տևելու են մինչև դեկտեմբերի 4-ը: Դասացուցակները հաստատվել և տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում, այդ մասին իրազեկվել են ուսանողները և դասախոսները: Դասերն իրականացվում են ըստ հաստատված դասացուցակների, առցանց եղանակով՝ Zoom հարթակում: Ըստ ուսումնական պլանի՝ ընթացքի մեջ են մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան և մագիստրոսական թեզերի աշխատանքները:

Ընթացիկ հինգերորդ՝ մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա տնօրենությանն էր ներկայացրել ԵՊՀ ԻՄ-ից ուսանողի հեռացման մասին զեկուցագիր՝ հայտնելով, որ հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը արտերկրում գտնվելու պատճառով չի մասնակցել 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում (ս.թ. հոկտեմբերի 5-30-ը) կազմակերպված արտադրական պրակտիկային և ենթակա է հեռացման:

Հիմք ընդունելով ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի զեկուցագիրը և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի 4-րդ դրույթի 20-րդ կետը` հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը հեռացվեց մասնաճյուղից:

Իջևան համայնքի բարելավման ռազմավարական զարգացման գործնական դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2021թ. դեկտեմբերի 3-ին և 4-ին անվճար հիմունքներով կազմակերպվում է Իջևան համայնքի բարելավման ռազմավարական զարգացման գործնական դասընթաց:

Այն կվարեն «Կասկադ Փիփլ և Բիզնես» ընկերության հիմնադիր և տնօրեն, Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ, ս.գ.թ. Արփի Կարապետյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես ռազմավարության դասախոս, տ.գ.թ. Սերգեյ Թանթուշյանը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել բազային գիտելիքներ և գործնական հմտություններ ռազմավարական պլանավորման և իրականացման վերաբերյալ, տրամադրել գործիքակազմ ռազմավարական ծրագրերի գեներացման, նախագծման և իրականացման վերաբերյալ:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կստանան բազային գիտելիքներ ռազմավարական պլանավորման վերաբերյալ,
  • կկարողանան արդյունավետ իրականացնել նախագծերի ընտրությունը և զարգացումը,
  • կստանան շոշափելի արդյունք նախագծի վիզուալիզացիայի վերաբերյալ,
  • կկարողանան սահմանել այն չափանիշները, որոնցով պետք է իրականացվի ռազմավարական պլանավորում և նախագծերի իրականացում:

Դասընթացը կտևի 2 օր, ընդհանուր10 ժամ:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել
18 և բարձր տարիքի անձինք, ովքեր բնակվում են Իջևանում և Իջևանին մոտ համայնքներում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը:

Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 28-ը՝ ժամը 24:00-ն:

Դասընթացի վերջում հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները: Դասընթացի ավարտին ներկայացված նախագծերից լավագույնը կստանա մրցանակ:

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է

Green Photo Graduation Announcement (Facebook Post) (1080 x 788 px)

 Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ քաջ գիտակցելով, որ դու՛ք՝  երիտասարդներդ եք իսկապես հասարակության շարժիչ ուժն ու մեր երկրի ապագան կերտողը:

Մաղթում ենք ձեզ նշանակալի ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և ձեր բոլոր նախաձեռնություններում, անկոտրում ոգի և նպատակասլացություն՝ ձեր գիտելիքներն ու կարողությունները մեր երկրի զորացմանն ու առաջընթացին լիարժեք ծառայեցնելու գործում:  

Տոնի նախապատմությունը

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

 Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

 

Տեղի կունենա «Ուսանողակենտրոն ուսուցում և դասավանդում (SCLT). SCLT-ի կիրառումը դասախոսների կարողությունները զարգացնելու և ուսուցման պլանավորումը բարելավելու համար» ինտերակտիվ սեմինարը

Հայտ. նկար Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. նոյեմբերի 22-24-ին՝ ժամը 17:00-19:00-ին (Երևանի ժամանակով), Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների (TAM) շրջանակներում կիրականացվի «Ուսանողակենտրոն ուսուցում և դասավանդում (SCLT). SCLT-ի կիրառումը դասախոսների կարողությունները զարգացնելու և ուսուցման պլանավորումը բարելավելու համար» ինտերակտիվ առցանց սեմինարը, որը կվարի դոկտոր Մանյա Կլեմենչիչը:

Սեմինարի լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Այն նախատեսված է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար և նպատակ ունի բարելավելու նրանց գիտելիքներն ու կարողությունները ուսանողակենտրոն դասընթացներ մշակելու և ակտիվ ուսուցման մանկավարժական տարրեր ներառելու իրենց դասընթացների ձևավորման և մատուցման մեջ:

Սեմինարի ընթացքում տրված գործիքներից և մեթոդական ուղեցույցներից մասնակիցները կարող են՝

  • բացահայտել ուսանողակենտրոն ուսուցման և դասավանդման հիմնական սկզբունքները, որոնք համապատասխանում են բարձրագույն կրթության համատեքստին,
  • պրակտիկա ձեռք բերել՝ մշակելով SCLT-ի վրա հիմնված դասընթացներ/սեսիաներ, որոնք ներառում են SCLT տարրեր և ակտիվ ուսուցման գործողություններ և տեխնիկա:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. նոյեմբերի 18-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։ 

Հարցերի դեպքում կարող եք կապվել Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմի անդամ տիկին Աննա Գևորգյանի հետ՝ գրելով gevorgyan.anna.k@gmail.com  էլեկտրոնային հասցեին:

Սեմինարի օրակարգը և Zoomի հղումները հասանելի են այստեղ:

«Ռուսաց լեզուն որպես մասնագիտական շարժունակության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր

2. Հայտ. նկար՝ ներսում դնելու համարՀարգելի՛ համալսարանականներ, Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության աջակցությամբ 2021թ. նոյեմբերի 20-21-ը ՀՀ-ում՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, տեղի կունենա «Ռուսաց լեզուն որպես մասնագիտական շարժունակության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» միջազգային համաժողովը խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտների համար:

Համաժողովի շրջանակներում կիրականացվի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական զարգացման ուղիները» միջոցառումը:

Միջազգային ֆորումի միջոցառումների ծրագիրը հետևյալն է.

  • Կլոր սեղան «Դադարեցնել գիրք կարդալը նշանակում է դադարել մտածել» (Ֆ.Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին և Մ.Գորկու մահվան 85-ամյակին):
  • «Աշխարհի ռուսալեզու պատկերի հիմնաբառերը» գիտաժողով:
  • Դասախոսություն «Մի՛ լքիր քո մոլորակը» (Վ. Ի. Դալի ծննդյան 220-ամյակին) – «Ժողովրդական իմաստության հանրագիտարան»:
  • Վարպետության դաս «Սովորում ենք լսել կրեոլիզացված տեքստերի հիման վրա»:

Միջոցառումների անցկացման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, ք. Երևան, Հովսեփ Էմինի փող., 123, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:

Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLScrNdP…/viewform:

Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:

Համաժողովի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում՝ http://ino-tula.ru/rus-forum/: